Աննա Հակոբյանն այցելել է «SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոն

Չինաստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սեպտեմբերի 12-ին այցելել է «SCODA Pearl International Expo Center»։
 
«SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոնը հիմնել է «Շանհայի համագործակցության կազմակերպությունը», այն համարվում է ՇՀԿ տեսարժան վայրերից մեկը։
 
«SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Հաո Գուոսինի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել գործունեությանը։ Զբոսավարը Աննա Հակոբյանին և պատվիրակության կազմին ներկայացրել է նախ «Շանհայի համագործակցության կազմակերպության» գործունեությունն ու առաքելությունը, պատմել կազմակերպության և այլ երկրների գործակցության մասին։
 
Այս կենտրոնում անցկացվում են ցուցահանդեսներ, կազմակերպվում են բիզնես ֆորումներ ու ներդրումային քննարկումներ, կենտրոնը համարվում է նաև Շանդուն նահանգի և Ցինդաո քաղաքի զբոսաշրջային կարևոր կետերից մեկը։ Բիզնես ու ներդրումային նպատակից բացի «SCODA Pearl International Expo Center»-ն իր մեջ պարունակում է մշակությաին տարր և ՇՀԿ անդամ բոլոր երկրները հնարավորություն ունեն բոլորին ներկայացնել իրենց մշակույթը՝ սեփական երկրի անունը կրող տաղավարում։
 
«SCODA Pearl International Expo Center»-ում իր անկյունն ունի նաև Հայաստանը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է հայկական տաղավարով, ծանոթացել ցուցադրված ապրանքատեսակներին։ Տաղավարի առաջին հատվածը մշակութային է, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմությունը, տեսարժան վայրերը, ցուցադրված են ազգային արժեք ներկայացնող իրեր։ Տաղավարի երկրորդ հատվածում հայրենական արտադրության մթերքներն էին ներկայացված։
 
Աննա Հակոբյանը շրջել է նաև Ռուսաստանի և Իրանի տաղավարներում, ուսումնասիրել ցուցադրված չինական տարբեր արտադրատեսակներ և ձեռագործ իրեր։