«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի կրկնօրինակը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Պատկերը կկարողանան «տեսնել» կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ։
Շոշափելի գորգն ապահովված է տիֆլոմեկնաբանությունով (տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդյան)։ Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։ Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ։ Նախագծի ձայնային ինժեները, ռեժիսորը և գլխավոր փորձագետը Վահան Նահապետյանն է։
Նախագծի հեղինակ և պրոդյուսեր, «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռևազովայի խոսքով՝
- Բոլորովին վերջերս նախագծի շրջանակում հանրությանը ներկայացրինք Երվանդ Քոչարի ձևավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ Հաշվի առնելով հոբելյանական կարևոր իրադարձությունները՝ որոշեցինք անմասն չթողնել նաև «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի ստեղծման գաղափարը և իրականացրինք այս նախագիծը։ Շոշափելի կրկնօրինակն իր ուրույն տեղը կգտնի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։
- Շատերը չգիտեն, բայց երբ շատ ես ձեռք տալիս շոշափելի կտավների, զարգանում է շոշափելիքի զգայարանը։ Փաստորեն՝ ոչ միայն տեղեկանում ես, այլև մեկ այլ կարևոր օգուտ ես ունենում՝ շոշափելիքի զարգացումը։ Ընդլայնվում է մատների տեսողությունը, զարգանում։ Այստեղ այնքան հետաքրքիր է ամեն ինչ սարքած, որ շոշափելիս ինֆորմացվում ես ձայնային ուղեցույցով՝ տիֆլոմեկնաբանությամբ, բայց նաև քեզ մոտ զարգանում է շոշափելիքը։ Դպրոցում սովորելուս տարիներին թղթերի վրա կետերով գծեր էին անում, որ շոշափենք․ քառակուսիներ էին նկարում, եռանկյունիներ, որ շոշափելիքը զարգանա: Եվ սա շատ ավելի պրոֆեսիոնալ տարբերակ է ոչ միայն ինֆորմացվելու, այլև շոշափելիքը զարգացնելու։ Սա ձեռքերի տեսողության ընդլայնմանն ուղղված քայլ է,- նշում է Վահան Նահապետյանը, ով հանդիսանում է ներառական նախագծի թիրախային խմբի ներկայացուցիչ։
Ծրագրի գործընկերն է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։
«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։