Համերգ՝ նվիրված ծննդյան և մասնագիտական հոբելյաններին

ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ-70

ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ծննդյան 70, ստեղծագործական գործունեության 55 և «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր հանդիսանալու 30-ամյակներին նվիրված համերգ կանցկացվի։ Համերգը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Կոմիտասի ամվան կամերային երաժշտության տանը։ 
 
Ելույթ կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան): Մենակատարներ՝ Սեդրակ Երկանյան, Լուսինե Մարկոսյան, Գալինա Ցոլակյան, Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան, Արտակ Ասատրյան, Հասմիկ Հարությունյան, Թերեզա Ոսկանյան: 
 
Ծրագրում՝ Յ.Ս. Բախ, Ֆ.Շուբերտ, Յ.Բրամս, Ա.Սկրյաբին և այլ կոմպոզիտորների գործեր։ 
 
Սեդրակ Երկանյանը ծնվել է Լենինականում (Գյումրի)՝ 1954թ.: Նախնական կրթությունը ստացել է Լենինականի  միջնակարգ երաժշտական դպրոցում: Ապա սովորել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 1978- 2000 թթ․ եղել է Հայաստանի Ակադեմիական երգչախմբի դաշնակահար-կոնցերմայստեր: 1990-1992 թթ․ սովորել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնում (Չեքիջյանի դասարան):
 
1994 թվականից առ այսօր հանդիսանում է Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարանի» գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը:
 
Հյուրախաղերով  հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում,  ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում, Կիպրոսում և Սերբիայում: