Առաջին քայլերից՝ դեպի համաշխարհային հռչակ

ԼԵԳԵՆԴԱՐ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՈՒՂԻՆ

Այսօրվանից հայաստանյան բոլոր կինոթատրոնների էկրաններին է ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը։
 
Այն պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում:
 
Ֆիլմը հայաստանյան կինովարձույթ է մուտք գործում դեկտեմբերի 7-ին ընդառաջ․ հենց այդ օրը ևս մեկ անգամ վերահաստատվեց Ազնավուրի ու հայ ժողովրդի սիրո պատմությունը։ Ազնավուրը բոլոր  լրատվամիջոցներով մարդկանց արթնացրեց, ոտքի հանեց, որ անտարբեր չլինեն Հայաստանի հանդեպ: Գյումրիում լուծեց նաև էլեկտրականության հարցը, որի շնորհիվ երգիչ, երգահան, դերասան, արտիստ, գրող կոչումներից բացի ստացավ նաև «Լույսի Շառլ» անունը: Այդ օրն  ավելի շատ հայ դարձավ։ Հայաստանյան այցելության կադրերը ևս իրենց արտացոլումն են գտել «Մսյո Ազնավուր» ֆիլմում։ 
 
Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։ 
 
Առանձնահատուկ շեշտենք, որ ֆիլմը ներկայացվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում՝ հանրահռչակելով լեգենդին և նրա անցած ուղին։ 
Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։