Գուտերեշն ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել կանխարգելման գործիքները

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» 5-ՐԴ ԳԼՈԲԱԼ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Անտոնիու Գուտերեշն ընդգծել է, որ հարկավոր է ուժեղացնել կանխարգելման գործիքները՝ ներառյալ կրթությունը, ինչպես նաև հակազդել ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները:
 
- Այսօր լրանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 76-րդ տարեդարձը։ Կոնվենցիան, որն ընդունվել է Հոլոքոստի աներևակայելի սարսափների հետևանքով, գրավական է ցեղասպանությունից տուժածներին և վերապրածներին՝ ապահովելու, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն։ Ցավոք սրտի, պառակտումներով, անվստահությամբ և բռնությամբ պատված աշխարհում ցեղասպանության մութ ուրվականը դեռ մեզ հետ է,- նշել է Գուտերեշը:  
 
Հանուն ցեղասպանության զոհերի և վերապրածների՝ բոլոր կառավարությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պնդմամբ, պետք է վավերացնեն և ամբողջությամբ կատարեն Կոնվենցիան՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին։    
 
- Մենք պետք է ուժեղացնենք կանխարգելման գործիքները, ներառյալ կրթությունը և հակազդենք  ապատեղեկատվությանը, որը կարող է խթանել ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները: Մենք պետք է հարգենք և իրականացնենք Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք վաղ նախազգուշացնող նշանները բացահայտելու և ահազանգելու համար։ Ցեղասպանության զոհերին և վերապրածներին հարգելու լավագույն միջոցն այս դաժան հանցագործությունը կանխելուն ուղղված գործողությունների ակտիվացումն է,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
 
Ոճրագործությունները կանխելու ամենակարևոր միջոցն այն է, որ բոլոր կառավարություններն ու հակամարտող կողմերն ամբողջապես հարգեն միջազգային իրավունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկն՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումում ունեցած տեսաուղերձի ընթացքում:
 
- Ոճրագործությունները՝ ներառյալ ցեղասպանությունը, կանխելու ամենակարևոր միջոցն այն է, որ բոլոր կառավարությունները և հակամարտող կողմերն ամբողջապես հարգեն միջազգային իրավունքը, քանի որ այս ծանրագույն հանցագործություններն առանց պատճառի չեն ծնվում. դրանց նախորդում է համակարգված խտրականություն, ատելության հրահրում և բացառման օրինաչափություն՝ հիմնված ռասսայական, էթնիկ, կրոնական կամ այլ հատկանիշների վրա, ինչպես նաև մարդու իրավունքների այլ կոպտագույն խախտումներ,-ասաց Տյուրկը: 
 
Նրա դիտարկմամբ՝ պետություններն ունեն առաջնային պարտականություն և իրավական պարտավորություն՝ կանխելու նման խախտումները, երբ ակնհայտ են պոտենցիալ ռիսկեր։