Եվրաքվեի նախաձեռնողները ողջունում են Կառավարության որոշումը

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

09 հունվարի 2025թ․,  
 
Ժողովրդավարական ուժերի հարթակը ողջունում է ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշումը, որով հավանություն տրվեց Եվրաքվեի նախաձեռնած և քաղաքացիների 50000-ից ավելի ստորագրություններ հավաքած օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրամիությանը անդամակցության գործընթաց։
 
Այսպիսով, Կառավարությունը իր համերաշխությունն ու համախոհությունը հայտնեց Հայաստանի ժողովրդի կայացրած պատմական քաղաքակրթական ընտրությանը։
 
Գնահատելի է, որ կառավարությունը չօգտվեց մինչև փետրվարի 12-ը օրենքով սահմանված ժամկետից և քննարկեց ու որոշում կայացրեց Ամանորի տոներից անմիջապես հետո իր առաջին նիստում։ Հորդորում ենք Ազգային ժողովին ևս չհապաղել և հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկել և ընդունել օրենքը։ 
 
Ըստ այդմ, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է սպասի այս կարևոր գործընթացի ճանապարհային քարտեզի համաձայնեցմանը Եվրամիության հետ, այլ, հիմնվելով կոպենհագենյան 12 սկզբունքների վրա, նախ պետք է իր համար սահմանի իր սեփական ճանապարհային քարտեզը, որը պետք է ներառի ինչպես ժողովրդավարական բարեփոխումների արագացումը և խորացումը, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հանրակարգերի կայացումը, պայքարը կոռուպցիայի դեմ և կադրային քաղաքականության թերությունների վերացումը, այնպես էլ օր առաջ ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալը, և ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված հստակ քայլերի մշակումն ու իրականացումը։ 
 
Հայաստանի շուրջ բարդացող անվտանգային միջավայրից եկող սպառնալիքներին դիմակայելու միակ ճանապարհը մենք տեսնում ենք Եվրատլանտյան անվտանգային համագործակցության միջոցով սեփական դիմադրողականության և մարտունակության շեշտակի ավելացումը, ինչպես նաև՝ հավատարիմ դաշնակիցների ձեռքբերումը։ Ուստի, հետևողականորեն շարունակելու ենք աջակցել ՀՀ կառավարությանը՝ արտաքին քաղաքական կուրսին՝ ուղղված Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը։  
 
Ժողովրդավարական ուժերի հարթակ