Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը, ընդգծելով, որ դա կրոնական ազատության խախտում է և սպառնում է Երուսաղեմի քրիստոնեական համայնքներին (տեղեկացնում է Արմենպրեսը)։
 
ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլան իր հայտարարության մեջ նշել է, որ այս քայլը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ 
 
- Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում», - նշված է հայտարարության մեջ։ 
 
Փիլայը շեշտել է, որ Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը, ծառայելով որպես հավատքի և արդարության փարոս։ Նա ընդգծել է, որ պատրիարքարանի դեմ իրականացվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրանք են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին։ 
 
- Այս անխոհեմ գործողությունը քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման լայնածավալ գործողությունների մի մասն է, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է,-նշել է Փիլայը։ 
 
Խորհուրդը կոչ է անում Իսրայելի կառավարությանը անհապաղ սառեցնել օտարման ընթացակարգերը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։ 
 
ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը նաև միջազգային հանրությանը, կրոնական և քաղաքական առաջնորդներին հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել՝ քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Սուրբ Երկիրը որպես խաղաղության և համակեցության վայր պահպանելու համար։
 
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Հայկական Պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել։ Այդ մասին ահազանգել է Երուսաղեմի հայկական եկեղեցին՝ նշելով, որ այս գործողությունները պատճառաբանվում են, իբր, 1994 թվականից ի վեր ր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:
 
Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։
 
Հայցը ուղղված է գումարների հավաքագրման պատասխանատուի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել» է, որ Պատրիարքարանն ունի անհասկանալի չափերի պարտք։
 
Հայկական Պատրիարքարանն այսպիսի աննախադեպ և անդառնալի միջոցառումների ենթարկվող միակ քրիստոնեական համայնքն է, ինչը կարող է ենթադրել նպատակային ճնշում՝ նրա դեմ։