Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ կայցելեն ԱՄՆ

Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ մայիսի 27-ից հունիսի  7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող Միջազգային այցելու ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։
 
Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության արդյունքում։  
 
Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ԱՄՆ Վաշինգթոն (Կոլումբիա), Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), Թուլսա (Օկլահոմա) քաղաքների մշակութային հաստատություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառույցներում։
 
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ մասնակիցներին փոխանակելու փորձը և ձևավորելու երկկողմ ու բազմակողմ կապեր՝ ապագա համագործակցությունների, նախագծերի և փորձի փոխանակման նպատակով։
 
Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնելու են Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Ե․ Չարենցի տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենները, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրենը։
Ծրագիրը նախաձեռնել և համակարգում է Մշակույթի զարգացման հիմնադրամը։
 
- Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի թանգարանների ղեկավարների համար՝ ծանոթանալու մշակութային կառավարման ժամանակակից մեթոդներին, ընդլայնելու համագործակցության շրջանակները և ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ նմանատիպ ծրագրերը լինեն արդյունավետ ու շարունակական,- նշել է հիմնադրամի արտաքին կապերի ղեկավար Հայկ  Մկրտչյանը։