«Ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ ենք նպաստել ու մասնակցել»

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Սուրեն Սուրենյանց

Ինչպես արդեն հայտնի է, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը  որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել և որպես թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
 
Այդ առնչությամբ իր նկատառումներն է ներկայացրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ համոզմունք հայտնելով, որ «իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը»։
 
«․․․ Ի՞նչ պատկեր ունենք իմպիչմենտի գործընթացում.
 
✔️ներկայացված է իմպիչմենտի երկու նախաձեռնություն,
 
✔️ ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում որպես վարչապետի թեկնածու առաջադրել են ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին:
 
Այս նախաձեռնության հեղինակները սահմանափակել են իրենց «ինտեգրացիոն» պոտենցիալը՝ կանխավ հայտարարելով, որ իրենք չեն միանա «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հնարավոր նմանաբնույթ նախաձեռնություններին:
 
Տրամաբանորեն կանխատեսելի էր, որ Աղազարյան- Ասլանյան զույգի նախաձեռնությունը «արգելափակվելու» է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից:
 
✔️ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության նախագծում որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
 
ՔՊ-ի «դիսիդենտները»՝ Աղազարյանն ու Ասլանյանը,  այս նախագծի տակ չեն ստորագրելու: Ինտրիգային է մնում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:
 
✔️Զուտ մաթեմատիկական հաշվարկով՝ երկու նախաձեռնություններից որևէ մեկը չի կարող հավաքել 36 ստորագրություն՝ իմպիչմենտի հարցով ԱԺ նիստ հրավիրելու համար:
 
✔️ իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը, այլ խոսքով՝ համաժողովրդական շարժումը, որը գեներացնելու համար՝ անհրաժեշտ է քաղաքական այլընտրանքային ծրագիր, քաղաքական բովանդակություն: Այս բաղադիչն ապահովելու պարագայում՝ լուծված կարելի է համարել ոչ միայն 36 ստորագրության, այլ նաև 54 պատգամավորի քվեարկության հարցը, ինչի հետևանքով՝ Փաշինյանը կզրկվի իշխանությունից:
 
✔️ ես ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պատրաստ ենք նպաստել ու մասնակցել՝ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկացած գործընթացի:»