Դասընթաց՝ միջազգային մասնագետի բանախոսությամբ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Յորքի համալսարանի Եվրոպական մասնաճյուղի, CITY քոլեջի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպչական վարքագծի դոցենտ, պրոֆեսոր Ջովաննի Օսկար Սերաֆինին Հայաստանում հանդես եկավ դասախոսությամբ։ 
 
Այն կրում էր «Տեսլականից դեպի արժեք․ Բիզնես մոդելի կտավը ստեղծագործական և մշակութային նախագծերի յուրացման գործիք» խորագիրը և կազմակերպվել էր Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից՝ հատուկ թանգարանային ոլորտի մասնագետների համար։ 
 
Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են ստեղծագործական գաղափարները քարտեզագրելու և դրանք նախագծի վերածելու անհրաժեշտ գործիքակազմերին։ Մասնավորապես, մասնակիցները ուսումնասիրել են գործունեության տարբեր ոլորտներում վաղուց արդեն կիրառելի Բիզնես մոդելի կտավը (Business Canvas Model), որը յուրաքանչյուր գաղափարի ետևում թաքնված հնարավորությունների և ռեսուրսների գնահատման լավագույն և արագ տեղայնացվող գործիքներից է։ 
 
Հաշվի առնելով թանգարանների և մշակութային կազմակերպությունների առանձնահատկությունները, այս գործիքակազմը հնարավորություն կտա ստեղծագործական միտքը վերածել իրական առաջարկի՝ ունենալով հստակ մշակված նպատակակետեր, դրանց հասնելու ուղիներ և վերջնարդյունք։
 
Դասընթացն անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում և անցել է ջերմ ու արդյունավետ մթնոլորտում։