Ասում են՝ հավատի պակասից պետություններ են կործանվել

Համատարած է պաշտոնյաների հանդեպ բացասական վերաբերմունքը, և դա հարության մեղքով չէ: Եթե մեղք, ապա ընչազրկված հասարակությունը միայն իր տևական հանդուրժողականությամբ է մեղավոր՝ սեփական մաշկի վրա զգալով հանդերձ կեղեքումի և նվաստացման ցավը՝ ավելի վաղ չի միաբանվել:
Վերջին օրերին, սակայն, ակնհայտվել է բացասական վերաբերմունքը նաև հոգևոր առաջնորդի նկատմամբ: Թող որ՝ ոչ համատարած, սակայն ընդվզողները պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Լուրջ ահազանգ է երեկվա տխրահռչակ միջադեպը, որն ավելի սրվեց տարածված այն տեղեկատվությամբ, թե Վեհափառի դեմ բողոքողների թիկունքում Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է կանգնած։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը այսօր պաշտոնապես հերքել է այդ լուրը՝ ընդգծելով՝
- Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության:
Տեղին է նաև մտահոգությունը, որ՝
- Յուրաքանչյուր վրիպում, բամբասանք կամ հիվանդ երևակայության արգասիք կարող են անդառնալիորեն վնասել հայրավանդ մեր ընթացքին, Հայ Եկեղեցու ամրությանն ու անվերապահ հեղինակությանը:
Մնում է կրկնել վերջին տարիներին Հայաստանում մոլեգնող աղանդների առնչությամբ հնչող նկատառումը, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեռ շատ անելիք ունի՝ ճշմարիտ հավատի ուղին հարթելու և դրա ճանապարհից խեղաթյուրումների որոմը մաքրելու:
Բացի այդ, արդյո՞ք Եկեղեցու հանդեպ նման վերաբերմունքի ձևավորմանը չեն նպաստել առանձին հոգևորականների պահվածքը, կարգալույծ արվածների դժգոհություններն ու նրանց բերած փաստարկները...
Արդ, ինչպես Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի կոչն է հորդորում՝
- Այս օրերին յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ ունենք մեր Եկեղեցու և գալիք սերունդների առաջ, չենթարկվել սադրանքների ու խաղաղարար ոգով հանապազ աղոթել ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո:
Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին իմաստնություն ու խաղաղություն շնորհի բոլորիս: