Այսպիսի դատավորների ժամանակն արդեն անցել է

Ժամանակն է, որպեսզի փող աշխատելու մոլուցքով տառապող դատավորները կրեն պատասխանատվություն իրենց կատարած անհիմն ու սխալ վճիռների համար և իրենց տեղը զիջեն անբասիր, օրենքն ու արդարությունը հարգող դատավորներին:
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը պաշտոնավարման բավական կարճ ժամկետում հասցրել է ոչ միայն «արժանանալ»   քաղաքացիական գործեր քննող Տարվա լավագույն դատավոր կոչմանը (ինչն անհասկանալի է), այլև հասցրել է ձեռք բերել սկանդալային դատավորի համբավ: Դատարանի շենքը նա օգտագործում է հանուն իր անձնական շահերի ու բարեկեցության՝ մեկը մյուսի հետևից անարդար վճիռներ կայացնելով: 
 
Քննության առնելով թիվ ԵԱՔԴ/0959/02/08 քաղաքացիական գործն ըստ Մ.Վ-ի և Օ.Ղ-ի հայցի ընդդեմ Ա.Վ-ի՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, դատավոր Ռ. Բունիաթյանը  վճռել է 333 քմ հավասար չափերով կողմերին պատկանող գույքից Մ.Վ-ին հատկացնել 70,9քմ ամբողջությամբ կիսանկուղային շինությունները և 44,5 քմ մակերեսով շինություններից ազատ հողամասը, Օ.Ղ-ին հատկացնել 109,4 քմ շինությունները, Ա.Վ-ին հատկացնել 126,5քմ բնակելի և 6,2քմ օժանդակ շինությունները:
 
Հաշվի առնելով այն, որ բաժնեմասերն առանձնացվել են անհամաչափ կերպով, Մ.Վ-ն կրկին դիմել է նույն դատարան՝ խնդրելով Ա.Վ-ից հօգուտ Մ.Վ-ի բռնագանձել իքս դրամ՝ որպես գույքի անհամաչափության արժեքի  փոխհատուցում:
 
Դատարանը (դատավոր Ս. Հովսեփյան), հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը և բացատրությունը, հայցը բավարարել է: 
 
Վերաքննիչ դատարանի կողմից նշված վճիռը բեկանվել է այն հիմքով, որ անհրաժեշտ է պարզել, թե ներքին հարդարման աշխատանքները որքանով են ազդել բաժնեմասերի արժեքի վրա: Գործի կրկնակի քննությունը հանձնվել է դատավոր Ռ. Բունիաթյանին, ում կողմից նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն: Այս անգամ ևս փորձագետները տվել են եզրակացություն և բացատրություն այն մասին, որ առկա է գույքային անհամաչափություն: 
 
Սակայն դատավոր Ռ. Բունիաթյանն այդ ամենն անտեսելով, հայցը մերժել է՝ ընդ որում, ի խախտումն օրենքի պահանջի, վճիռը  ոչ միայն 27.04.2018թ. չի հրապարակվել, այլև այն կողմին է ուղարկվել մոտ կես ամիս ուշացումով: Ըստ էության Ռ. Բունիաթյանը երևի փորձել է օգտվել այդ օրերին երկրում առկա հեղափոխական վիճակից՝ երևի մտածելով, որ միևնույն է՝ հեղափոխությունը պարտվելու է, և ոչինչ չի փոխվելու: Սակայն, իրականությունն այլ էր, և Ռ. Բունիաթյանը կանգնեց փաստի առաջ: 
 
Փաստորեն, գործով դատավոր Ս. Հովսեփյանն իր տրամադրության ներքո ունենալով փորձագետի մեկ եզրակացություն և փորձագետի բացատրությունը, հայցը բավարարել է, իսկ նույն գործով դատավոր Ռ. Բունիաթյանն իր տրամադրության ներքո ունենալով նույն՝ վերոնշյալ փորձագիտական եզրակացությունը և փորձագետի բացատրությունը, ինչպես նաև իր իսկ կողմից նշանակված և ստացած լրացուցիչ փորձագիտական եզրակացությունը և փորձագետների բացատրությունները (որոնցով կրկին հիմնավորվել է անհամաչափության առկայությունը)  հայցը մերժել է:
 
Հուսանք, որ դատավորները կսկսեն հարգել օրենքը և զերծ կմնան օրենքի նման ակնհայտ խախտումներ թույլ տալուց:  
 
Ռուբեն Բունիաթյանի և նամանատիպ դատավորներից տուժած անձանց կոչ ենք անում արձագանքել:
 
 
Մուշեղ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Փաստաբան՝ Արտավազդ ՊԵՏՐՈՍՅԱՆ