Լսո՞ւմ ես, «Սանիթեկ», թե՞ կուտակված աղբը խցանել է ականջներդ

Ըստ երևույթին «Սանիթեկ»-ը դեռ չի պատկերացնում իր իրական պարտականությունը: Բուսականությունից գրեթե զրկված Երևանին միայն աղտոտ բակերն ու փողոցները և կուտակվող աղբից տարածվող գարշահոտությունն էր պակաս, դա էլ «Սանիթեկ»-ը ներմուծեց՝ հատկապես վերջին երկու ամառների տապը կրկնակի պատուհաս դարձնելով երևանցիների համար:
 
Եթե նախկին քաղաքապետին բացատրելի, հետևաբար նաև ընդունելի էին թվում աղբակույտերով ու գարշահոտությամբ լեցուն փողոցները, հիմա արդեն պիտի որ անհանդուրժելի լիներ դա: Բայց, հավանաբար «Սանիթեկ»-ն ի վիճակի չէ կամ չի ցանկանում աշխատել: Շարքային քաղաքացիների բողոքները նախկինի նման շարունակում են մնալ ձայն բարբառո հանապատի: Բարեբախտաբար ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետևողակնորեն փորձում է տեղից շարժել անգործության ճահիճում նիրհող «Սանիթեկ»-ին:
 
Իր ֆեյսբուքյան էջում Ն. Զուհրաբյանը գրել է.
 
- Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեկ» ընկերությանը երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է, և իրենք էլ այստեղ են՝ քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեկ»-ի ղեկավարության և թե՛ Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն մայրաքաղաքը ժամ առ ժամ դառնում է աղբակույտերի գերի։ Ուստի, քիչ առաջ պաշտոնական նամակ եմ ուղարկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, քանզի մեր Երևանը աղբի մեջ խեղդելը երևանցու՝ մաքուր և բարեկարգ քաղաքում ապրելու իրավունքի ոտնահարում է: Ակնկալում եմ, որ Պաշտպանը մեզ հետ միասին հետևողական կլինի, որ տարբեր լեգիոներ կազմակերպություններ, որոնց երևի թվում է՝ ինչ ուզենան կանեն, հստակ պատասխանատվության կանչվեն, իսկ պարալիզացված քաղաքապետարանը գոնե այս հարցում մի քիչ թասիբ ունենա և իրականացնի իր վերահսկողական գործառույթները։
 
Մեջբերենք նաև նրա նամակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին.
 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԹԱԹՈՅԱՆ
 
Ինչպես հայտնի է, Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից մայրաքաղաք Երևանում աղբահանության իրականացումը սահմանված ժամանակացույցի խախտումներով և ոչ պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ խնդիրը վերջին օրերին հայտնվել է մեր բոլորի եւ նաև Ձեր ուշադրության կենտրոնում: Ոզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այս լրջագույն հարցին։
 
Չկա Երևանում որևէ համայնք, որը վերջին շրջանում թաղված չլինի աղբակույտի մեջ։ Եթե սա անգործություն է, ապա պիտի արժանանա հստակ գնահատականի։ Եթե սա սաբոտաժ է, կրկին պիտի համարժեք արձագանք լինի։ Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ, եւ ովքեր հասցրել են քաղաքն այս վիճակին, հստակ պատասխանատվության պիտի ենթարկվեն։ Հասկանալի չէ նաև Երեւանի քաղաքապետարանի սաբոտաժային պասիվությունը եւ իր վերահսկողական գործառույթների իրականացումից հրաժարվելը։ 
 
Հարգելի Պաշտպան, ակնկալում եմ, որ նաև Ձեր գործուն միջամտությամբ մենք միասին այս հարցին հնարավորինս արագ և արդյունավետ լուծում պիտի գտնենք։
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ