Անարդյունավետ ծախսեր՝ մսխելով բյուջեն

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ. ՓՈՐՁԱԳԵՏ

«Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
 
Բյուջետային ծախսերի դինամիկայից երևում է, որ 2017թ. ՊՆ բյուջեն 200 մլրդ-ից աճել է մինչև 294 մլրդ դրամի:
 
Անդրադառնալով անցած տարի կատարված գնումների թեմային՝ տնտեսագետը նշեց՝  բաց տվյալների հիման վրա տեղեկությունների հանրագումարը կազմել է մոտավորապես 32 մլրդ դրամ։ Չնայած որ պլանավորված են եղել 43 մլրդ-ի գնումներ։
 
- Պատկերավոր ասած՝ 32 մլրդ դրամանոց «տորթը» բաշխվում է 358 հաղթողներ միջև: Առաջին տեղում «Ֆլեշ»-ն է, «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն, «Գազպրոմ»-ը, «Ավանգարդ» ՍՊԸ-ն, «Էլիտ» ՍՊԸ-ն։ Հիմնական խոշոր հաղթողներն այս ընկերություններն են: Մրցույթների հաղթողների քանակին երբ նայում ենք, տեսնում ենք, որ մեկ մրցույթի են մասնակցել, այսինքն՝ այնպես չէ, որ մի քանի մրցույթների արդյունքում է եղել:  Այսինքն՝ քանակային առումով կենտրոնացվածություն չկա, իսկ ֆինանսական առումով՝ կա,- փաստել է Արտակ Մանուկյանը։
 
Ի դեպ, Ընկերությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ  www.policyobserver.am  կայքում։
 
Տնտեսագետը մի շարք գործոններ համադրելու արդյունքում մի շարք ընկերությունների մասով մեծ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում․
 
- Ընկերություններ կան, որ հաղթում են պետական գնումներում, բայց  ընդհանրապես աշխատող չունեն: Կա միլիոնավոր դրամների հասնող հանդերձանքի պայմանագիր սպասարկող ընկերություն, բայց հայտարարագրել է մեկ աշխատակցի: Օրինակ՝ «Գարանտ» ՍՊԸ-ն մեծ ծավալի շինարարություն է անում՝ 544 մլրդ դրամի կարգի, բայց 8 աշխատող ունի, ինչը շատ կասկածելի է: Կամ «Կ.Կ.Ֆ. ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ն, որը հանդերձանք է մատակարարում ՊՆ-ին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, Արդարադատության  նախարարության քրեակատարողական ծառայությանը, Քննչական կոմիտեին, բայց ունի միայն մեկ աշխատակից հայտարարագրած: Ասեմ՝ չի կարող լինել ներմուծող, քանի որ նայել ենք հայտարարագրերը, որտեղ գրված է, որ տեղական արտադրություն է: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք պատշաճ հարկային պարտավորության մասին՝ հստակ է դառնում, որ խնդիր կա,- ընդգծել է Արտակ Մանուկյանը:
 
Վերջինս նաև նշում է, որ տարվա վերջին ՊՆ-ն  հիմնականում գնում  է հուշանվերներ, ոսկե ժամացույցներ և այլ տեսակի հուշանվերներ: Բանախոսի կարծիքով՝ սրանք տարվա ընթացքում տնտեսված գումարներն են, որոնք բյուջե չվերադարձնելու համար «նման ճոխ» գնումներ են անում՝ բյուջետային անարդյունավետ ծախսեր կատարելով:
 
Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ 
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող