Նամակ ռուսաց «ԳԱԶՊՐՈՄ»-ին

ԴՊՐՈՑՆ ՈՒ ՊՈՒՐԱԿՆ ԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԻՄՔԻՆ ԱԽՈՐԺԵԼԻ ՉԷԻՆ

«ԳԱԶՊՐՈՄ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված՝ Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների նամակ-խնդրագիրն ասես հերթական ապացույցն է Հայաստան պետությունն օտարների կցորդ դարձնելու նպատակամղման:
 
Բարեբախտաբար, բնազդո՞վ, թե՞ ծրագրված հակահայ քաղաքականության ասպետներն այլևս իշխանություն չեն, չնայած օրենսդիր մարմնում նկարված իրենց մեծամասնությամբ դեռ շարունակում են հոխորտալ:
 
Ուրիշ ի՞նչ անուն տաս այն իշխանությանը, որի օրոք բազմաթիվ դպրոցներ փակվեցին՝ աշակերտների նվազման պատճառաբանությամբ: Աշակերտների նվազման՝ ասել է թե ազգաբնակչության արտագաղթի ահագնացման հետևանքով:
 
Սա՝ իմիջիայլոց: Ինչ վերաբերում է ծարավաղբյուրցիների նամակին, նախ նկատենք՝ մինչ օրս նրանք չեն դիմել հայրենի կառավարությանը՝ բավական խիտ բնակեցված թաղամասում դպրոց կառուցելու պահանջով: Նորմալ իշխանությունը նման թաղամասերում բնակելի շենքերի հետ նաև դպրոց, մանկապարտեզ էլ է կառուցում: Սակայն բնակելիների համար պատկառելի գումարներ պետք է վճարվեին, իսկ դպրոցը պետական էր լինելու՝ անվճար: Դե, փողից բարձր այլ արժեք չճանաչողի համար ի՜նչ դպրոց, ի՜նչ ուսում: Եվ 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ 31841.05 քմ մակերեսով հողատարածքում «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն սկսեց կյանքի կոչել «Ուսումնական-սպորտային համալիրի» կառուցումը՝ «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում և բացառապես սոցիալական ուղղվածությությամբ: Դարձյալ՝ բարեբախտաբար արդեն նախկին դարձած քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ չի վարանել խոստանալ, թե նույն տարածքում քաղաքապետարանն էլ պուրակ է կառուցելու: Ինչո՞ւ պիտի վարաներ. Խոստումը հո գործ չէ, որ չկատարես:
 
Հիմա արդեն 2018 թվականն է մոտենում ավարտին, և բնակիչները, որոնց համբերության բաժակը թեև վաղուց է լցվել, սակայն այսօր են բարձրաձայնում, որ թաղամասին ամենամոտ դպրոցը և մանկապարտեզն այնքան հեռու են, որ հաճախել կարելի է միայն փոխադրամիջոցներով: Որպես սփոփանք նրանք նոր խոստում են ստացել, թե «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում և մանկապարտեզում թաղամասի երեխաների ուսումը կլինի անվճար: 
 
- Առաջին հայացքից թվում էր հիանալի գաղափար, թաղամասի երեխաները հնարավորություն կստանաին անվճար հաճախել բարձրակարգ դպրոց և մանկապարտեզ: Միակ անհանգստացնող փաստն այն էր, որ ևս 3 տարի բնակիչները պետք է շարունակեին ապրել շինարարական փոշու մեջ: Սակայն երազը երկար չտևեց: Թաղամասի բնակիչները՝ Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման ընթացքի, ինչպես նաև դպրոցի ու մանկապարտեզի ընդունելության կարգին ծանոթանալու նպատակով պարբերաբար զանգահարում են «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ և, ի զարմանս բոլորի, պարզվում է, որ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից հանրությանը որպես սոցիալական և բարեգործական ներկայացված ծրագիրը ընդամենը նոր բիզնես նախագիծ է, իսկ դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ (մանկապարտեզը մի քիչ պակաս):
 
Իսկ եթե հաշվի անենք, որ բնակիչները հանդիսանում են «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուներ և իրենց բնակարանները ձեռք են բերել հիպոթեքով, և այն հանգամանքը, որ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 250.000 ՀՀ դրամ, ստացվում է, որ այն հասանելի չի լինելու թաղամասի միջին աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքի համար։ Նախագիծը հասանելի է լինելու հասարակության որոշ խավի համար միայն, որոնք ունեն միջինից զգալի բարձր եկամուտ։ Հետևաբար այս նախագիծը լինելու է հասարակության որոշ շերտերի համար ընդամենը վճարովի լավ կրթության այլընտրանքային հնարավորություն, որը չունի որևէ սոցիալական բաղադրիչ: Արդյոք դա է ենթադրում վերոնշյալ սոցիալական ծրագիրը,- հիասթափված հարցնում են բնակիչները:
 
Իրենց խնդրագրի վերջում նրանք հիշեցնում են նորաբաց չինական դպրոցի մասին, որն անվճար է՝ ի նշան հայ-չինական բարեկամության, և հուշում են՝ «գուցե փոխվե՞ն վարձավճարի հանդեպ մոտեցումները ի նշան հայ-ռուսական բարեկամության»:
 
Բարեկամությունից զատ՝ չինական դպրոցում նաև չինարեն է ուսուցանվելու. նրանք հարգում են իրենց մշակույթը և պատրաստ են բիզնեսը «զոհաբերել» այդ  մշակույթի տարածմանը: Ռուսաստանի պարագայում այլ է՝ վճարիր նաև մեր լեզվի ու մշակույթի տարածման համար: