Փաստաբանն իրազեկ չէ՞, թե՞ փաստերը խեղաթյուրելով փորձում է մոլորեցնել հասարակությանը

- Քննչական մարմինը իրավունք չունի պահել որևէ անձի անձնագիր իր մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ խափանման միջոցի կիրառումը նույնպես համարվում է քրեական հետապնդման գործողություն, ինչը օրինական չէ:
 
Ասուլիսին հետևեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության հանգամանալի պարզաբանումը.
 
- Կարևորելով հանրության՝ օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը, հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսին:
 
Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի՝ նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, քաջածանոթ լինելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման բովանդակությանը, հարկ է համարում նշել, որ հիշյալ որոշմամբ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, որպիսի պայմաններում առնվազն անհասկանալի է պաշտպանի նման՝ իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը:
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք ենթադրել, որ Արամ Օրբելյանի կողմից նման դիրքորոշման բարձրաձայնումը կամ ՀՀ ՍԴ որոշմանը ծանոթ չլինելու արդյունք է, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՀ հատուկ քննչական ծառայության օրինական գործունեությունը ստվերելու նպատակ, ինչը կասկածի տակ է դնում հենց պաշտպանի՝ որպես փաստաբանի և իրավաբանի կոմպետենտությունը, ուստի հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից:
 
Այսուհանդերձ, հանրությանը հուզող մեկ այլ հարց էլ կա, որը նույն ասուլիսում հնչեցրել էր Ռ. Քոչարյանի փաստաբաններից մյուսը՝ Հովհաննես Խուդոյանը.
 
- Եթե ՀՔԾ պետը գտնում է, որ դատավորն իր լիազորությունները սահմանազանցել է, այսինքն իրավունք չուներ որոշում կայացնել առհասարակ, ապա ինչո՞ւ չեն այդ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել:
 
Իսկապես, ինչո՞ւ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել: