Բաքվում պատերազմ են պահանջել

Դուշանբեում Փաշինյան-Ալիև կարճազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը գուցե նաև հույսի շող է արթնացրել, որ ղարաբաղյան խնդիրը բանակցություններով պետք կարգավորվի: Սակայն Ադրբեջանը մեկ այլ սցենարով ասես այլ բան է «հուշում»: Սովորաբար այդպես է՝ աշխարհի աչքին «բարի կամք կրող» ներկայանալ ջանացող ապաշնորհ ղեկավարը ընդդիմություն կոչվող զանգվածին է հրապարակ նետում՝ թե իբր նրանք ժողովրդի կամքն են արտահայտում:
 
Եվ տաջիկստանյան հանդիպումից 2-3 օր անց Բաքվում ցույց է անցկացվել, որի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջել են «Ղարաբաղի ազատագրում ուժի միջոցով»: Ցույցը կազմակերպել էր Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը՝ նախապես այն համաձայնեցնելով իշխանությունների հետ (տեղեկացրել է JAMnews-ը):
 
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանրահավաքն անցկացվել է մարզադաշտում, որտեղ ավանդաբար իր ակցիաներն է իրականացնում տեղի ընդդիմությունը: Դրա մասնակիցները (Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ ակցիային մասնակցել է մինչև 2000 մարդ) վանկարկել են «Հակաահաբեկչական գործողություն սկսել Ղարաբաղում», «Ղարաբաղի ազատագրում», «Բռնի տեղահանվածների վերադարձ դեպի իրենց հայրենի վայրեր», «Ո՛չ միջազգային կազմակերպությունների երկակի ստանդարտներին» և այլ կարգախոսներ: Ըստ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագիի՝ հանրահավաքի նպատակը «հասարակության ակտիվության բարձրացումն է Ղարաբաղի ազատագրման հարցում»:
 
- Մենք պետք է ցուցադրենք հասարակության ամբողջական կամքը և իշխանություններից պահանջենք ռադիկալ քայլեր ձեռնարկել տարածքներն ազատագրելու ուղղությամբ,- ասել է Նագին:
 
Եթե հավատանք, որ այս հանրահավաքի մասնակիցները ոչ թե իշխանությունների, այլ ռազմատենչ ընդդիմության պահանջն են ներկայացրել, ուրեմն այդ ռազմատենչության կրողն է նաև ներքին գործերի նախկին նախարար Իսքենդեր Համիդովը, ով հայտարարել է, թե օկուպացված տարածքները հնարավոր է ազատագրել միայն ռազմական ճանապարհով: Չնայած՝ հանուն արդարության պետք է ասել, որ
իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հավանություն չի տվել այդ ցույցի անցկացման գաղափարին.
 
- Մինչ նախագահը, խորհրդարանը, կառավարությունն ու այլ պետական կառույցներ ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար, ղարաբաղյան հարցին առնչվող ցույցի անցկացումը բացարձակ անտեղի է: Մի խումբ անձինք փորձում են օգտագործել Ադրբեջանի համար ճակատագրական հարցն իրենց քաղաքական շահերի և նկրտումների բավարարման համար՝ փորձելով իրենց համար պոպուլյարություն վաստակել նման կերպ»:
 
Իսկապես, 2000 մարդու պահանջը պետք է որ լսելի չլինի շուրջ 10 միլիոնանոց երկրում: