Պաշտոնական սուտ՝ օրենսդիրի բարձր ամբիոնից

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԱԺ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԱՄ ԱՊԱԿԻՆԵՐ ՉԵՆ ՎՆԱՍՎԵԼ

Իրեն հարգող ու մանավանդ իր խոսքն արժևորող յուրաքանչյուր մեկը հրապարակավ ներողություն պիտի խնդրեր՝ տարածած սուտը գոնե թյուր տեղեկատվություն որակելով: Իրեն հարգող ու իր խոսքն արժևորող յուրաքանչյուր մե՛կը: Սպասենք՝ չափելու համար հայ պատգամավորական բանակի այս ներկայացուցչի ինքնահարգանքը:
 
Ա՛յ էսպես էլ ապրել ենք՝ իրենց մեր «ընտրյալը» համարողների ստերին վարժվելով: Ահա գործող ԱԺ-ականների կերպարային հերթական դրսևորումներից մեկը.
 
Երեկ, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը տենդագին դժգոհում էր, թե նախորդ երեկո հանրահավաքի մասնակիցները բազմաթիվ ավտոմեքենաներ են վնասվել, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա հարձակվելով՝ թույլ չեն տվել, որ մուտք գործի ԱԺ: Վերջինս, սակայն, ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ, և ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։
 
«Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանն էլ ավելի վաղ հայտարարել էր ոչ միայն պատգամավորների ծառայողական ավտոմեքենաների վնասելու դեպքերի, այլև ԱԺ շենքի ապակիների կոտրման մասին և հավելել՝ զանգվածային անկարգության հոտ զգալու մասին։ (Տեսնես նրա ռունգները ինչ հոտի են նմանեցրել անկարգության «բույրը»:)
 
Այսօր արդեն պարզվել է, որ վնասված ավտոմեքենաների հետ կապված որևէ ահազանգ, կամ բողոք ոստիկանությունը չի ստացել։ Ավելին, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը դեռ երեկ էր ասել, որ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ կամ ապակիներ չեն վնասվել։
 
Իրեն հարգող ու մանավանդ իր խոսքն արժևորող յուրաքանչյուր մեկը հրապարակավ ներողություն պիտի խնդրեր՝ տարածած սուտը գոնե թյուր տեղեկատվություն որակելով: Իրեն հարգող ու իր խոսքն արժևորող յուրաքանչյուր մե՛կը: Սպասենք՝ չափելու համար հայ պատգամավորական բանակի այս ներկայացուցչի ինքնահարգանքը: