«Կարեն Դեմիրճյանը մինչև այսօր էլ շատ սիրված է մեր ժողովրդի շրջանում»

ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ ԲԱՑՎԵՑ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸ

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայաստանի ազգային հերոս, ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:
 
Բացման արարողությանը ներկա  են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կարեն Դեմիրճյանի որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։
 
Վարչապետն իր խոսքում գոհունակություն է հայտնել այսօրվա իրադարձության առիթով և ընդգծել, որ մայրաքաղաքում շատ արժանի տեղում է կանգնվել Կարեն Դեմիրճյանի արձանը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ սա Կարեն Դեմիրճյանի արձանի համար ամենահարմար տեղն է։ 
 
- ․․․ Ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր հանգամանք։ Այո, Կարեն Դեմիրճյանը մինչև այսօր և շատ երկար սիրված է մեր ժողովրդի շրջանում։ Այդպիսի մարզային այց  չենք ունեցել, որտեղ ինչ-որ առիթով, բայց սիրով Կարեն Դեմիրճյանի անունը չհնչի: Ես չեմ հիշում այդպիսի բան։ Ուզում եմ ընդգծել հետևյալը` Կարեն Դեմիրճյանը մինչև Ազգային ժողովի նախագահ դառնալը, ես իր ղեկավարության շրջանը նկատի ունեմ, Խորհրդային Միության բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Խորհրդային միությունը մի ամբողջ առավելություններով, թերություններով, պրոբլեմներով էր, բայց ուզում եմ ընդգծել, որ Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանում և խորհրդային տարիներին երբեք ու երբեք բռնակալ չի եղել: Եվ սա է նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։ 
 
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել նրա իմացությունը և վերաբերմունքը մշակույթի, գիտության, կրթության նկատմամբ։ Նա ոչ միայն պատմում էր, այլև իր վերաբերմունքն էր շարադրում գիտության, կրթության, մշակույթի նկատմամբ, վերաբերմունքը պետության զարգացման կոնտեքստում։ Եվ դա շատ ուսանելի մոտեցում էր։ Նա գիտեր գրականություն, գիտեր երաժշտություն։ Ինքն ինձ պատմում էր դրվագներ, թե Երևանի, կամ Հայաստանի այս կամ այն քանդակի վերաբերյալ ինչ քննարկումներ է ունեցել քանդակագործների հետ։ Զարմանում էի ուղղակի։ 
 
Եվ ուզում եմ հատուկ ընդգծել Կարեն Դեմիրճյանի անձնահատուկ վերաբերմունքն իր ընտանիքի նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպիսի խանդաղատանքով էր խոսում իր թոռնիկների մասին։ Իր սերնդի մարդկանց մոտ ընդունված չէր ընդհանրապես զգացմունքներն արտահայտել, բայց նա կարողանում էր զգացմունքներն արտահայտել այնպես, որ լինի ընդունված կանոնի համապատասխան, բայց մյուս կողմից էլ՝ իրապես անկեղծ, սրտառուչ։
 
Վարչապետն ընդգծել է նաև Կարեն Դեմիրճյանի և Դեմիրճյան ընտանիքի զսպվածությունը որպես բարձրաստիճան մարդիկ, և Խորհրդային Միության ժամանակներում, և Հայաստանի երրորդ Հանրապետությունում բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակ: «Սա շատ կարևոր ընդգծում է։ Հիշում եմ, ավագ սերնդի ներկայացուցիչները տարբեր առիթներով շատ են ասել դրա մասին, թե ինչպիսին են եղել Դեմիրճյանի որդիներն այն տարիներին, երբ Դեմիրճյանը եղել է Հայաստանի Հանրապետության ղեկավար»։ 
 
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ի հեճուկս 1988 թվականից հետո առաջացած բոլոր բարդություններին, վայրիվերումներին՝ 1999-ին հայ ժողովուրդն իր գնահատանքի, շնորհակալության, աջակցության խոսքն է ասել Կարեն Դեմիրճյանին:
 
- Իհարկե, նաև 1998 թվականին։ Այս էլ է պետք արձանագրել և պետք չէ վարանել, ասել, որ այո, ցավոք, այդ ժամանակ ընտրությունների արդյունքներն ամենակոպիտ կերպով կեղծվեցին, բայց նաև 1999-ին ի վերջ ճշմարտությունը հաղթեց, վերահաստատվեց։ Ես չեմ ուզում և չեմ կարող հավատալ, որ այն ձեռքը, որը կրակել է Կարեն Դեմիրճյանի վրա` կարող է որևէ հոգևոր, արժեքային, մարդկային կապ ունենալ հայ ժողովրդի։ Ես չեմ կարող հավատալ, որ այս հողի վրա քայլող, այս ջրից խմած, կամ նրանից սնուցվող որևէ մեկի մտքով կարող էր անցնել կազմակերպել Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի սպանությունը․․․ 
 
Այնուհետև վարչապետը և ներկաները ծաղիկներ են խոնարհել Կարեն Դեմիրճյանի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: