Զարգացած գիտությունն ու նոր տեխնոլոգիաները պարզապես կենսական անհրաժեշտություն են

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտական ոլորտի նվիրյալներ,
 
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` հանուն խաղաղության և զարգացման: 
Ժամանակակից աշխարհի մարտահրավերները և մարդկության պատմության հետահայաց վերլուծությունը ևս մեկ անգամ հաստատում են, որ կայուն տնտեսության, անվտանգության և հասարակության թռիչքային զարգացման հիմնական գրավականը նոր գիտելիքն է, գիտատեխնիկական գործունեության արդյունքը: Սահմանափակ բնական ռեսուրսներով և անբարենպաստ աշխարհաքաղաքական դիրքով երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, զարգացած գիտությունն ու նոր տեխնոլոգիաները պարզապես կենսական անհրաժեշտություն են:  
 
Այսօր ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում զարգացնելու գիտական ոլորտը՝ կրթական տարբեր մակարդակներից մինչև գիտական լուրջ նվաճումներ: ՀՀ դպրոցները շարունակաբար համալրվում են լաբորատորիաներով՝ գիտական կյանքի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունները խթանելու, ոլորտն առավել   գրավիչ դարձնելու և նոր հեռանկարներ ստեղծելու նպատակով: Գիտության ոլորտի աշխատողների վարձատրության համակարգը վերջին տարիներին էականորեն բարելավվել է, և այս գործընթացը շարունակական է: Մեր գիտական կազմակերպություններն ու բուհերը պետական աջակցությամբ հագեցվում են նոր սարքավորումներով, ինչը հայ գիտական համայնքը համաշխարհային նվաճումների սահմանին մոտեցնելու ևս մի քայլ է: 
 
Սիրելի՛ գիտնականներ, առանձնակի ցանկանում եմ ընդգծել ձեր կարևորագույն դերակատարումը հասարակական մտքի զարգացման, տնտեսական ու ռազմական ոլորտներում նոր արդյունքների գրանցման, ինչպես նաև միջազգային մակարդակում մրցունակ երկիր դառնալու առումներով: 
 
Հայաստանի Հանրապետության գիտական հանրությանը մաղթում եմ, որ ամենահամարձակ և հավակնոտ գաղափարները իրականություն դառնան՝ հանուն մեր երկրի խաղաղության, անվտանգության և  կայուն զարգացման: 
 
Շնորհակալություն՝ ձեր գործունեության, ներդրած ջանքերի և նվիրումի համար: