Կրթաթոշակներ՝ ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորողներին
Այսօր կայացած ՀՀ Կառավարության հերթական նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտությունը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախորդ տարվա ցանկում ընդգրկել են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, նախատեսվում է այս տարվանից ներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք նույնպես պետության համար առաջնային նշանակություն ունեն:
Ընդունված որոշմամբ առաջարկվում է այս ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները: Ըստ նախարարի՝ որոշման նպատակն է խթանել այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը:
Արդյունքում, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային այս մասնագիտություններով սովորողներին՝ ըստ առաջադիմության: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դա կնպաստի, որպեսզի այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Որոշումը կտարածվի 2024/2025 ուստարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով բուհ են ընդունվել 220 ուսանող, որոնցից 59 բակալավրի, իսկ 161-ը մագիստրոսի կրթական ծրագրով:
Նախարարը հայտնել է նաև, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, մասնավորապես՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչև որոշման ընդունումը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բխում է իրական կյանքից, և որի անհրաժեշտությունը նկատել է տարբեր մարզերում՝ հանդիպումների և շփումների արդյունքում: Վարչապետն ընդգծել է՝ հանրապետությունում իրականացվում են գյուղատնտեսական ոլորտի զարգացման ծրագրեր, որոնց արդյունքն ակնհայտ է. հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են ստեղծվում, հիմնադրվում: Նշվել է նաև, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի. մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին:
- Հիմա նաև այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների և փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ: Հիմա սա պահանջված է, և որպեսզի մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան,- ասել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:
Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է. վարչապետն անդրադարձել է խնդրին
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման հարցին և նշել, որ այն գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկն է:
- Ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիր չունենա,-ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը և ճիշտ բաշխումը պետք է լինի Կառավարության ռազմավարական նպատակը.
- Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը պետք է շատ էականորեն զարգացնենք և գուցե, որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առաջիկա անելիքները ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, որը կլիմայի գլոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է:
- Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Սևանա լիճը 21 սմ նախորդ տարվա համեմատ ավելի է, երեկ Հերհերի ջրամբարը լեփլեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված, բայց մենք չգիտենք, թե հաջորդ տարի ինչ կլինի: Նախորդ տարիներին մենք ունեցել ենք երաշտի շրջաններ և շատ հնարավոր է, որ ցիկլ է ձևավորվում, մի քանի տարի չոր, մի տարի ջրառատ։ Սա էլ պետք է մենք հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս հարցերում,- ասել է վարչապետը: