«Վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին:
 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով: 
 
- Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում  կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: 
 
- Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 
 
Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: 
 
- Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք,- ասել է
Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք: 
 
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: 
 
- Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի,- ասել է Կառավարության ղեկավարը: