«Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին»
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը:
Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցերի՝ խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման հետ կապված թեմաների մասին:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ վարչապետը նշել է, որ այդ թվում Ադրբեջանի կողմից արված հայտարարությունների համաձայն, նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է:
- Ասում ենք՝ եկեք ինչ համաձայնեցված է, ստորագրենք և անցնեք այն մնացածին, ինչ-որ համաձայնեցված չէ: Եվ հնչում է տեսակետ, որ՝ ոչ, մինչև ամեն ինչ չհամաձայնվեցի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ կներեք, քանի՞ հոդված պետք է դա լինի:
Տեսեք՝ հնչում է հայտարարություն, որ մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում: Ես բերեմ մի օրինակ՝ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որն ընդամենն ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել: Այս նրբությունը կարողանո՞ւմ եմ բացատրել: Ենթադրենք կա իքս թվով հոդված, այդ ամեն ինչը համաձայնեցվա՞ծ է: Կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք այդ էլ համաձայնեցնել: Կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել:
Այսինքն՝ ոչ մի տեղ չկա գրած, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 հոդված կամ 15, կամ 14, կամ 13: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր և կամ որևէ պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին: «Մենք ասում ենք՝ այն ինչ համաձայնեցված է, կարո՞ղ է շրջանակ դառնալ, շրջանակային նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, այո կարող է: Ասում ենք՝ եկեք ստորագրենք, գնանք այն ենթադրվող 27, 28, 30, 40 հոդվածները քննարկենք, որովհետև դա ստորագրելուց հետո, այդ հոդվածների քննարկման մթնոլորտը, միջավայրը, ամեն ինչը կփոխվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո մյուս հարցերը համաձայնեցնելն ավելի հեշտ կլինի:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, վարչապետը նշել է.
- Ի՞նչ նկատի ունեն իրենք, ենթադրում ենք, որ նկատի ունեն Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը: Կա՞ այդպիսի բան Անկախության հռչակագրում, այո, կա այդպիսի բան: Դա նշանակո՞ւմ է, որ այդ բովանդակությունն արտահայտված է Սահմանադրության մեջ. Սահմանադրության մեջ այդպիսի բան չկա գրված, և չի նշանակում, որ այդ բովանդակությունն արտահայտված է: Ինչո՞ւ եմ ես այսպես մտածում, որովհետև Անկախության հռչակագրում կա 5-րդ հոդված, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունն ապահովելու համար ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն:
Ըստ Անկախության հռչակագրի՝ Հայաստանի բոլոր ուժային կառույցները ենթարկվում են Գերագույն խորհրդին: Բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, բոլոր ուժային կառույցները դրվել են Հանրապետության նախագահի ենթակայության տակ: Հակասե՞ց Սահմանադրությունն Անկախության հռչակագրին, այո, հակասեց: Եվ հետևաբար, Սահմանադրության մեջ արտահայտվել է Անկախության հռչակագրի այն բովանդակությունը, որը բառացի և տառացի արտահայտված է:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, ընդհակառակը, երբ մենք նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությունը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ:
- Ինչպե՞ս, իրենց Սահմանադրությունը հղում է անում 1991 թվականի, Պետական անկախության ակտ ակտին, Պետական անկախության ակտն իր հերթին հղում է անում Ադրբեջանի առաջին Հանրապետությանը՝ 1918-1920 թվականների, և Ադրբեջանի առաջին Հանրապետության հռչակագրին: Այդ հռչակագրում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է հարավային և արևելյան Անդրկովկասի տարածքում: Եվ բացի այդ, 1919 թվականին Անտանտի պետություններին և Ազգերի լիգային Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է քարտեզ իր տարածքի մասին, որը ներառում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզից հատված, Տավուշի մարզից հատված, Լոռու մարզից հատված, Շիրակի մարզից հատված: Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ, բայց մենք չենք բարձրացնում այս հարցը, չենք ասում՝ Ադրբեջանը թող Սահմանադրությունը փոխի, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք:
Ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանն այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար: Մենք համարում ենք, որ այդ հարցն այդ հոդվածով լուծվում է,- նշել է վարչապետը:
Խոսելով ադրբեջանական կողմի մյուս պնդման մասին, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը՝ վարչապետը նշել է, որ երբ պայմանագիրը ստորագրվի, այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ սահմանադրականությունը ստուգելու համար:
- Եթե Սահմանադրական դատարանը կորոշի, որ այդ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, շատ լավ, մենք կասենք, ուրեմն այդպես էլ կա: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ չի հակասում Սահմանադրությանը, դա կգնա Ազգային ժողով և կվավերացվի: Երբ վավերացվեց, Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ եթե այդ պայմանագիրը վավերացվել է, ուրեմն նա չի հակասում Սահմանադրությանը: Եվ ստանձնած պարտավորությունը, մասնավորապես՝ այն պարտավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում նման տարածքային պահանջներ չբարձրացնել, դա դառնում է դե յուրե, ըստ էության, բարձրագույն իրավական ուժ ունեցող դրույթ,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու հնարավորություններին: Վարչապետն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու ՀՀ Կառավարության պատրաստակամության մասին է:
- Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Շիրակով, Վայոց ձորով, մենք բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել: Ի՞նչ սկզբունքներով, ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, կամ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը: Այսինքն՝ ինչպես օրինակ աշխարհի բոլոր երկրների ճանապարհները»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով վերջին շրջանի հայկական կողմի խոսույթին Ադրբեջանի արձագանքին, թե եթե Հայաստանը չի ցանկանում՝ իրենք Իրանի տարածքով կիրականացնեն նախագծերը, վարչապետը ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրել է, որ մեր երկիրը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին՝ անցումն ապահովել: «Ավելին, մենք չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ: Ադրբեջանն ասում է՝ լավ, դուք չեք ուզում՝ Իրանով ենք գնում: Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե, դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց կրկին վերահաստանում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է այդ անցումը տրամադրում՝ նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել: Ավելին, երկկողմանի տրամաբանության մեջ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի պարզեցումների,- նշել է վարչապետը: