ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում:
Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
- Պետությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ ՌԴ նախագահին՝ ցուցաբերած հյուրընկալության և ընթացիկ նիստն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման արդի հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։
Այս համատեքստում, ցանկանում եմ Հայաստանի տեսանկյունից տեղեկացնել ձեզ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակի և հետագա զարգացման շուրջ Երևանի տեսլականի մասին։
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։
Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։
Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Հայաստանում ավարտվում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, և այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այս փաստաթղթի վավերացման հարցը։ Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է ստորագրված կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան։
Հարգելի գործընկերներ,
Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։
Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն:
Ավելին, ստորագրված և վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։
Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։ Խոսքը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է։
Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է։
Պետությունների հարգելի ղեկավարներ,
Հարավային Կովկասում կայունության հաստատման մեկ այլ կարևոր ասպեկտ է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման։ Այս հարցում մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք արտացոլված են մեր կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Արձագանքելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կօգտվի Նախիջևանի հետ կապվելու Իրանի Իսլամական Հանրապետության ընձեռած հնարավորություններից։ Մենք, իհարկե, չենք առարկում, քանի որ սա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների խնդիր է։ Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում և որ մենք պատրաստ ենք մեր տարածքով տրանսպորտային հաղորդակցություններ տրամադրել միևնույն պայմաններով, ինչ տրամադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում։
Այս համատեքստում ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհավորել մեր տաջիկ ընկերներին 2025 թվականին ԱՊՀ-ում նախագահությունն ընդունելու առթիվ և հայտնել հայկական կողմի մշտական տրամադրվածությունը՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության փոխշահավետ առաջնահերթ նախագծերն իրականացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար»։
Հաջորդիվ ընդլայնված կազմով նիստում պետությունների ղեկավարները ստորագրել են օրակարգով հաստատված հարցերի արձանագրությունները: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Ի թիվս այլ հարցերի, որոշում է կայացվել 2026 թվականին Հայաստանի Մեղրի քաղաքը ճանաչել ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք: