Կկանոնակարգվեն ՄԿՈՒ հաստատությունների ատեստավորված և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափերը. աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն
ՀՀ Կառավարության հերթական նիստն այսօր , վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի թիվս այլ հարցերի, Կառավարությունը սահմանել է ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբացումը։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար սահմանելու համար։
Որոշմամբ առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում նախատեսելով աջակցություն տրամադրել մինչև 30 շահառուի, ինչն ուղղակիորեն կապված է այդ բնակավայրերի բնակչության թվի հետ (Ոսկեպար - 925, Բաղանիս - 894, Բերքաբեր - 582, Կիրանց - 397, Գոմք - 243): Ինչպես նաև առաջարկվում է թույլ տալ ծրագրից օգտվել այն շահառուներին, որոնք շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը (ներառյալ), քանի որ մարզպետների աշխատակազմերից, գործընկեր ֆինանսական կազմակերպություններից և շահառուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած բազմաթիվ շահառուներ (շուրջ 190) շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը և չեն հասցրել դիմել նախքան սահմանված սահմանաչափի լրանալը, ինչի արդյունքում կարող են կրել ֆինանսական վնասներ։ Որոշմամբ նաև առաջարկվում է ՀՀ Կառավարության կողմից 2024 թ. հունիսի 27-ին սահմանած՝ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում 5 մլն դրամ հավելումների մասով բանկերին հնարավորություն տալ այդ հավելումը ձևակերպել ոչ միայն վերանորոգման վարկի տեսքով, այլ նաև արդեն իսկ տրամադրված կառուցապատման վարկի հերթական փուլի տեսքով՝ խուսափելով բանկերում երկար ժամանակ պահանջող ծրագրային փոփոխություններից։
Ժամանակավոր սահմանափակում՝
որոշ ապրանքների արտահանման նկատմամբ
Առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը խթանելու նպատակով Կառավարության որոշմամբ ժամանակավոր սահմանափակում կկիրառվի ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ:
Որոշմամբ նախատեսվում է նաև դեպի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում: Արդյունքում հնարավորություն կտրվի ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:
Նախատեսվում է, որ կիրականացվեն սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինում։
Կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց
Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Ըստ հիմնավորման՝ արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ներկայումս հիշյալ հուշարձանի տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։
Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցի ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր իսկ կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։
Բացի այդ, հուշարձանների մեծ մասն ընդգրկված չէ զբոսաշրջային երթուղիներում, ուստի արգելոցների ստեղծման պարագայում իրականացվում է հանրահռչակման աշխատանքներ և դրանք ընդգրկվելու են զբոսաշրջային երթուղիներում։ Մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և զբոսաշրջային արդյունքի որակի շարունակական ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել և զարգացնել ոլորտը սպասարկող ենթակառուցվածքներ, որոնք կդառնան նոր ուղղություններ։