Վարչապետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման առիթով և նշել.
- Իսկապես շնորհավորելու առիթ է, և կարծում եմ՝ հիմա արդեն ակնհայտ է, որ ոչ միայն դպրոց է կառուցվել, այլև ձևավորվել է մթնոլորտ, որը, իմ ընկալմամբ, պետք է շղթայաբար շատ բան փոխի երեխաների և երկրի ապագայի համար: Երեխաները, ովքեր սովորում են այսպիսի միջավայրում, ուսուցիչները, ովքեր դասավանդում են այսպիսի միջավայրում, ծնողները, ովքեր ամեն օր առնչվում են այսպիսի միջավայրի հետ, պետք է որոշակի լիցքեր ստանան այս միջավայրից, որը կառուցվել է ՀՀ Կառավարության ջանքերով, բայց Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների վճարած հարկերի հաշվին:
Այդ առումով Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին և արձանագրել, որ նման ծրագրերը ցույց են տալիս, թե ինչի է վերափոխվում իրենց աշխատանքը։ Վարչապետը երեխաներին ներկայացրել է նման միջավայր դպրոցում ձևավորելու Կառավարության ուղերձը՝ ստեղծվում են լավ ապրելու, լավ աշխատանք ունենալու, լավ վաստակելու, կյանքը վայելելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: Երկրի ղեկավարի խոսքով՝ երեխաններն էլ հետագայում իրենց ընտրած մասնագիտության, զբաղմունքի միջոցով առավելագույն արդյունք կստեղծեն իրենց, իրենց ընտանիքների և պետության համար։
- Ես ուզում եմ, որ այս դպրոցն իսկապես ձեզ օժտի այնպիսի կարողություններով, որ դուք հաճույք ստանաք ձեր աշխատանքից, ընտրեք մասնագիտություն, որը սիրում եք, ունենաք անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեր բարեկեցության վաստակն ունենալու համար, և ձեր վաստակը, միջավայրը, քաղաքը, բնակավայրը, պետությունը լինեն այնպիսին, որ ձեզ կյանքը վայելելու և երջանիկ լինելու հնարավորություն տան, ստեղծեն այդ հնարավորությունը: Սա է մեր ռազմավարական նպատակը,- ասել է երկրի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին, որոնք կարողացել են ոչ բարվոք պայմաններում շարունակել իրենց գործունեությունը, ավելին՝ նրանց 30%-ն անցել է կամավոր ատեստավորում, որոնց օրինակը կքաջալերի նաև մյուս ուսուցիչներին: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ գիտենք, որ կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ և վստահեցրել, որ այն լավարկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: Վարչապետն ընդգծել է, որ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այս սխեման նաև ուսուցիչների հետ հաղորդակցության արդյունքում է ձևավորվել։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ 2019 թ. Կառավարության այն որոշումը, որի համաձայն բոլոր ուսուցիչների աշխատավարձներն առանց որևէ լրացուցիչ պայմանի ավելացվել էր 10%-ով, շատ ուսուցիչներ համարել են անարդար:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև շինարարական կազմակերպություններին և ընդգծել աշխատանքների որակի ապահովման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Վարչապետը նշել է՝ ժողովրդի կողմից վճարվող ամեն մի դրամ պետք է ծախսվի մաքսիմալ արդյունավետ և գոհունակությամբ արձանագրել՝ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է, չնայած կատարելության հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև Ասիական զարգացման բանկին՝ նախագիծը ֆինանսավորելու համար: