Մենք զգայուն ենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ, Ն․ Փաշինյան

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն ենք, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա, որը մեր հարաբերությունները դարձնում է օրգանիկ, մեր հարաբերությունները դարձնում է կենդանի, մեր հարաբերությունները դարձնում է ապրող և զարգացող։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա, որովհետև եթե կենտրոնանանք բացասական գործոնների վրա, որոնք… Ինչպես նշում եք՝ կան գործոններ, որոնք նեգատիվ են ազդում, այդ գործոնները գաղտնիք չեն, այդ թվում՝ բարդ հարաբերություններն են Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք արևմտյան երկրների միջև, որոնց հետ մենք նույնպես ունենք հարաբերություններ, ընդ որում՝ լավ հարաբերություններ: Մենք փորձում ենք Իրանի Իսլամական Հանրապետության այս զգայուն շահերը հաշվի առնել և մեր գործընթացներում հակադրություններ չստեղծել, այդ թվում՝ այն պատճառով, որ Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է մեր բնական շահերից,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Իրանի հանրային հեռուստաընկերության (IRIB) լրատվական ալիքի այն հարցին, թե Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են․ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ հարաբերությունները։