ՀՀ-ում կներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը:
 
Քննարկման արդյունքում սահմանվել է, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետբյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը: Կրթաթոշակի տրամադրման գործընթացն ապահովելու համար նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարի, ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, կհայտարարվեն պետական կրթաթոշակների առավելագույն թիվը՝ հիմնվելով սահմանված պայմաններին համապատասխանող հաստատություններում վերջին հինգ տարում ուսումնառող, ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողների ցուցանիշների վրա:
 
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանը և նշել, որ արդյունավետ ծրագիր, մեխանիզմ ունենալու հարցը վաղուց է քննարկվում. «Մենք խնդիր էինք տեսնում՝ պետությունում չկա ծրագիր, որը ուսանողներին առաջնակարգ բուհերում ուսանելու և Հայաստանում գործելու հնարավորություն տա, ինչը մեր երկրի զարգացման կարևոր պայմանն է»: 
 
Անդրադառնալով նախկինում իրականացված նմանատիպ ծրագրերի արդյունքներին, մասնավորապես, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների ընդամենը 20 տոկոսն է վերադարձել, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 40 տոկոսը, վարչապետը նշել է. «Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորել»: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եկել են այն եզրակացության, որ պետք է աջակցել կոնկրետ ընկերություններին անհրաժեշտ մասնագետների կրթությունը ապահովելու համար՝ այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան Կառավարության նկատմամբ:  
 
Բավրա բնակավայրում կրթահամալիրի կկառուցվի
 
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ կրթահամալիրի կառուցման ծրագրի իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում կապահովվի կրթության զարգացումը տվյալ բնակավայրում, էականորեն կբարելավվեն պայմանները, որոնք կնպաստեն ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:
 
Միջազգային համագործակցություն
 
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3284-ARM(COL). Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն․ փոփոխություններ վարկային համաձայնագրում» նամակ-համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Մինչ այժմ ավարտվել են 18 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 21 դպրոցների շինարարական աշխատանքներ։
 
7 դպրոցներ գտնվում են նախագծային (ավարտական) աշխատանքների և շինարարության իրականացման համար գնումների կազմակերպման փուլում։  Համաձայն վարկային համաձայնագրի՝ ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության վերաբերյալ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 11,200 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները։ Ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ-ին 2 անգամ հատկացվել են վարկային միջոցներ։ Ծրագրի արդյունքահենության համատեքստում յուրաքանչյուր վարկի համար նախատեսված է որոշակի արդյունք, որի կատարման պարագայում հատկացվում են տվյալ արդյունքի համար նախատեսված ֆինանսական միջոցները։