Հայաստանում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացմանը հիմքը
Այսօրվա նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:
Օրենքի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն ստեղծել հայկական շուկա՝ միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչը կնպաստի միջազգային շուկաներում երկրի մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը. «Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տների ներգրավումը մեր դաշտում կստեղծի ներուժ աճուրդային շուկան տարածաշրջանային հետաքրքրության առարկա դարձնելու»:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է խանգարում, որ այսօր այդ աճուրդները տեղի ունենան: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս պահին օրենսդրությամբ սահմանված չէ մշակութային աճուրդի հնարավորություն, կա միայն «Հրապարակային սակարկությունների մասին» գործող օրենք, որը չի կարող կիրառվել ոլորտի կանոնակարգման համար:
- Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այն բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել:
Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ այս որոշման ընդունմամբ այլ հարթակներում վաճառքները չեն արգելվում.
- Բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակն ունի լիցենզիա, ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում: Դա, իրոք, լուրջ խթան կլինի: Մենք նաև սահմանել ենք, որ դա լինելու է անկանխիկ առևտրի հարթակ, լինելու է էլեկտրոնային:
Վարչապետն անդրադարձել է անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը թանգարաններում շատ քիչ ներկայացված լինելու հանգամանքին և այդ հարցը կարևորել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից.
- Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, էլ ոչ մի բան չկա՝ ՀՀ-ում արվեստ չկա՞, մշակույթ չկա՞, ստեղծագործություն չկա՞, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո՛, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք: