Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Միջազգային ֆորումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:  Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլք:
 
Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները: 
 
- Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել: 
 
- Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը,  և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրը, որն Ադրբեջանը բարձրացնում է, այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունն իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համար շատ կարևոր նախապայման է այն, որ  կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան: Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին, որն անցյալ տարի ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է. «Իմիջիայլոց, Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: 
 
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ:
 
- Համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ, - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր դրույթի, որը նախատեսում է՝ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության համաձայնագիրը չկատարելու համար։
 
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց ՀՀ Կառավարությունն  այդ հարցն առանձին չի բարձրացրել, քանի որ համարել է, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի. «Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Ուստի, իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է՝ մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Եվ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր Կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»:
 
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն ունի կոնկրետ առաջարկներ առաջընթաց ունենալու և տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հասնելու համար։