Մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար ապահովելու այսպիսի շանս. Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Firebird և NVIDIA ընկերությունների հայտարարությանը, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ Firebird-ը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ: Ըստ նախարարի՝ NVIDIA ընկերությունը 3,5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից է աշխարհում.
Վարչապետն առաջարկել է նախագծի գործարկումն իրականացվել Ակադեմիական քաղաքի տարածքում, ինչը կստեղծի կրթական և տեխնոլոգիական սիներգիա. «Առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրն իրականացնել Ակադեմիական քաղաքի տարածքում, որտեղ մենք բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ ունենք, և նաև ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին՝ նման ջերմեռանդություն և վճռականություն ցուցաբերելու համար: «Երբ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին, հենց նման գործունեությունը նկատի ունենք, որը շատ կոնկրետ է և հասցեական, և որի ռազմավարական բնույթի հետ կապված որևէ կասկած կամ քննարկում ընդհանրապես չի կարող լինել»,-ասել է վարչապետը և անդրադարձել նաև տեխնոլոգիական ոլորտում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին:
Երկրի ղեկավարն այդ հարցերը դիտարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից. «Շատ կարևոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը՝ որտեղ է գտնվում մեր երկիրը: Այստեղ նաև շատ կարևոր գաղափարախոսական հարց էլ կա, որովհետև կապված է, թե ինչ գաղափարախոսության դիտանկյունից ես դիտարկում հարցերը: Երբ հարցերը դիտարկում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից, տեսնում ենք, որ մեր երկիրն այսօր բավականին լավ և հեռանկարային վիճակում է: Իմ գնահատականն այն է, որ մենք, դժոխային իրադարձությունների միջով անցնելով, հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են հնարավորություններ: Թույլ տվեք ասել (չեմ ուզում տարածական բան ասել), բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքները եղել են միշտ, սակայն այսօր Հայաստանը դրանց կառավարելու թե՛ տեսական, թե՛ գործնական կարողություն ունի. «Տարբերությունն այն է, որ այսօրվա սպառնալիքներին որպես հակակշիռ՝ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ՝ բոլոր առումներով»:
Վարչապետն ընդգծել է, որ եթե Հայաստանն ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ ՀՀ-ում չէին արվի:
Կառավարությունը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը
Շահառուների կայուն զբաղվածության ապահովման նպատակով՝որոշմամբ առաջարկվում է աջակցել շահառուին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ, կարողություններ և աշխատանքային փորձ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։ Ըստ այդմ, առաջարկվում է շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղություն՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, աշխատանքի տեղավորում՝ գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Ծրագրի արդյունքում ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անապահովության գնահատման նոր համակարգի ռազմավարական նպատակն է աջակցել մարդուն, որ հաղթահարի աղքատությունը: «Աղքատությունը հաղթահարելու գործիքը, ինչպես խոսել ենք, աշխատանքն է: Եվ մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում՝ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և դրա միջոցով աղքատության հաղթահարում: Դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների՝ այս ուղղությամբ հիմնական գործունեությունը», -ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է քաղաքացուն տալ ուսուցման հնարավորություն:
Հաստատվել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման
և տարաբնակեցման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը: Շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով պետք է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում իրականացվեն հողի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) աշխատանքներ:
ՀՕՏ-ի արդյունքում ազդեցության ենթակա են 50 տնային տնտեսություններ, որոնց ընդհանուր կորուստները կկազմեն՝ 59 հողակտոր, 80 բնակելի և ոչ բնակելի շենք և շինություն, կդադարեցվի 3 ձեռնարկատիրական գործունեություն, ինչի արդյունքում 4 անձ կկորցնի մշտական աշխատանքը: