Մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը:
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:
 
Վարչապետը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար. 
 
- Մեր խոնարհումը Ոստիկանության զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում, և սա կարևոր շեշտադրում է: Այսինքն՝ մենք ոչ թե Ոստիկանության զորքերը վերափոխում ենք Ոստիկանության գվարդիայի, այլ այսօր ստեղծել ենք Ոստիկանության գվարդիա: Իհարկե, անցած ճանապարհը և պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց ծառայողների համար: Եվ, իհարկե, սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար:
 
Ուզում եմ ընդգծել այն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումները և պատկերացումներն անպատեհ են, որովհետև բարեփոխումը մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետև այն պահին, երբ արձանագրենք, որ բարեփոխումն ավարտել ենք, նշանակում է՝ սկսել ենք հետընթացը։ 
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է այս տրամադրվածությամբ սկսել Ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը՝ հաշվի առնելով, որ բարեփոխումն անընդհատ պրոցես է և անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կանգ առնել, նայել, ամփոփել արվածը և պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները:
 
* * *
Ոստիկանության գվարդիան, որը ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից է, նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով: Միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոստիկանության գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
 
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը: