Ի՞նչ ասել է խաղաղ կարգավորում

Միջազգային հանրություն կոչված անորոշ զանգվածը հայոց հինավուրց հողերը տեսնում է միայն ու միայն Ադրբեջանի կազմում՝ առանց նույնիսկ հաշվի առնելու, թե նա ինչպես է այնտեղից նոր գրոհներ կազմակերպելու հայկական կողմի վրա: Իսկ մենք հրճվում ենք՝ լսելով, թե խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի:
 
Լուսաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը այցը Լեհաստան՝ հայկական լրատվամիջոցներն ավելի շատ կարևորել են Լեհաստանի դիրքորոշումը Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ: Նշվում է, թե Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրին, և լեհական կողմը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը:
 
Բայց ի՞նչ է հասկանում Լեհաստանը, և ընդհանրապես՝ ամբողջ աշխարհը, «Արցախի խնդրի բացառապես խաղաղ կարգավորում» ասելով: Ակնհայտ է, որ բոլորը խաղաղ կարգավորման գրավական են համարում ազատագրված տարածքները Ադրբեջանի գերիշխանությանը հանձնելը, ինչի դիմաց պատրաստ են հայկական կողմին ողորմալ Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Ա՛յն աշխարհը, որը ճանաչում, հաշվի է նստում Ադրբեջանի նման պետության հետ, նրան ամբիոններ է տրամադրում միջազգային պատասխանատու կառույցներում ու մինչև ատամները զինում: 
 
Մեր բախտը միայն մի բանում է բերել. Ադրբեջանն այնքան ագահ է, որ քչով չի բավարարվում: Նրան բոլորն է հարկավոր՝ և՛ բուն Արցախը, և՛ նրա շուրջը գտնվող ազատագրված տարածքները: Արցախին տեր դառնալը նրա համար նույն հարթության վրա է, ինչ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելը: Երբևէ չունեցած պատվի հարց է: Ադրբեջանական պատվի: Ու քանի որ առաջին գործում նա անվերապահ հաջողության հասավ՝ ծախսելով ընդամենը 7 մլն դոլար (չհաշված մարդասպանին վճարված մի քանի տարվա աշխատավարձը, նվիրաբերված բնակարանը և այլ մանր-մունր ծախսեր), վստահ է, որ երկրորդը նույնպես իրեն կհաջողվի:
 
Միջազգային օրենքները խախտող և աշխարհի խաղաղությանն սպառնացող երկրների նկատմամբ սովորաբար պատժամիջոցներ են սահմանվում: Այսօր աշխարհի քանի՞ պետություն է այդպիսի սահմանափակումների պատճառով ճնշման ենթարկվում: Իսկ նրանցից քանի՞սն են ավելի «մեղավոր», քան Ադրբեջանը: Բայց տեսեք, որ միջազգային հանրություն կոչված անորոշ զանգվածը հայոց հինավուրց հողերը տեսնում է միայն ու միայն Ադրբեջանի կազմում՝ առանց նույնիսկ հաշվի առնելու, թե նա ինչպես է այնտեղից նոր գրոհներ կազմակերպելու հայկական կողմի վրա: 
 
Զարմանալին մեր արձագանքն է նման կոչերին: Մենք հրճվում ենք՝ լսելով, թե խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Խաղաղ ճանապարհը, ինչպիսին կոչ անողներն են հասկանում, ուղիղ տանում է արյունահեղ պատերազմի: Այլընտրանքը անխնա կոտորածն է, կամ տարածքի լրիվ հայաթափումը: Իսկ ամենալավ ելքը այն է, որ Լեհաստանն ու մնացած ամբողջ աշխարհը հասկանան, թե ում հետ գործ ունեն և խոսեն ու վարվեն դրան համարժեք: