Հայաստանը կարող է միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՌԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

 
Լավ է, որ երկիրդ առավելություններ ունի, ու դա ավելի ինքնավստահ է դարձնում իշխանավորին: Ուրեմն՝ որքա՜ն ավելի մեծ կլինի այդ ինքնավստահությունը, երբ գործազուրկների բանակի փոխարեն իշխանության թիկունքն ամրապնդվի արարող, ստեղծագործ աշխատանքով իրենց կեցությունն ապահովող ժողովրդով:
 
Եթե անկեղծ՝ ապա այս հանդիպման ամենահաճելի «մանրամասնը» վարչապետ Կարեն Կարապետյանի գնահատականն է հայաստանյան ներուժին:
 
- Չնայած նրան, որ ռուսական կապիտալը Հայաստանում ունի մեծ ներգրավվածություն և ներկայացվածություն, համոզված եմ, որ հայկական շուկան դեռևս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար, հատկապես երրորդ երկրների՝ Իրանի, Եվրոպական միության շուկաներ դուրս գալու առումով: Դրան կարող են էապես նպաստել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ԵՄ-ի հետ գործող GSP+ համակարգը և այլն,- նշել է Կարեն Կարապետյանը՝ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
 
- Մեզ համար հետաքրքիր են Հայաստանում առկա հնարավորությունները և այդ առումով տեսնում եմ լայն հեռանկարներ: Ունենք համագործակցության մեծ ներուժ ռադիոէլեկտրոնիկայի, մեքենաշինության, գյուղմթերքների արտադրության, արդյունաբերության տարբեր  ճյուղերում: Վստահ եմ, որ արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ նոր մակարդակի,- ի պատասխան ասել է Գլեբ Նիկիտինը՝ կարևորելով նաև արտահանման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը:   
 
Ու քանի որ ռուսական կողմից դրա արձագանքը դիվանագիտական էթիկայի շրջանակներում է, մենք էլ ձեռնպահ կմնանք հռետարական հարցադրումից՝
 
- Արդյո՞ք նոր-նոր եք նկատում այդ հնարավորությունները և նոր եք տեսնում լայն հեռանկարները:
 
Վարչապետը կարևորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացումը և ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին և  դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական: Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում և կարևորում է GSP+ համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար: 
 
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով նաև տարբեր ոլորտներում մեր երկրի առավելություններն ու կարողությունները: Նա վստահ է, որ Հայաստանը կարող է ռուսական կապիտալի համար միջազգային խոշոր շուկաներ դուրս գալու լավ հարթակ դառնալ: 
 
Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ի թիվս այլ բնագավառների՝ համագործակցության մեծ հնարավորություններ է տեսնում նաև տրանսպորտի, ավիացիայի, դեղագործության, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Նա շեշտել է ՏՏ բնագավառում հայկական ընկերությունների հաջողությունները՝
 
- Ունենք այնպիսի կազմակերպություններ, որոնց դուստր ընկերություններն են գործում Սիլիկոնյան հովտում, ոչ թե հակառակը: