Հայաստանին չեն մերժում՝ շարունակել «և՛, և՛»-ի քաղաքականությունը

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՅԴ Է ՀՈՒՇՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր քննարկել են  Հայաստան-ԵՄ  համագործակցությանը,  Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:
 
- Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը, - ընդգծել է վարչապետը՝ նկատելով, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել  գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ  խոսել  ծրագրերի ու անելիքների մասին:
 
 
Դեսպան Պյոտր Սվիտալսկին,  անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ  նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու.
 
- Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով  մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների  ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես  Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք  բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն: 
 
Շատ կարևոր է, որ ներդնողը պատրաստակամ է ոչ թե թելադրել, այլ իր գործողությունները հարմարեցնել բարեփոխումների մե՛ր օրակարգին: 
 
Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը: Թափանցիկության առումով, թերևս հայաստանյան վերահսկողական մեխանիզմը շատ ավելի գործուն պետք է դառնա՝ հաշվի առնելով այն բացահայտումները, որոնք վերջին շրջանում հանրության անհաճո զարմանքը հարուցեցին՝ խորացնելով հիասթափությունը: