Լապշինի ազատ արձակումը` որպես սիրաշահում Իսրայելին

ՄԻ ԱԿՆԿԱԼԻՔ ԷԼ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼԻՍ ԿՈՒՆԵՆԱՆ

Թե ինչն է դրդել, կամ ովքեր են մղել Ալիևին այս մեծահոգությանը` բացահայտ է: Ու առանձնապես պետք էլ չէ դրդապատճառներ որոնել. պարզապես անուշադրության չմատնենք, թե  հեյդարօղլին երբ կատարեց այս քայլը: Իսրայելցի բլոգերին ներում շնորհվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իսրայել այցի օրը։ Իսկ գուցե բլոգերը հենց այս նկատառումով էլ պատանդառվե՞լ էր:

Հասանովը հանդիպում է ունենալու Իսրայելի իր պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ, և «ինչ-որ» բլոգերի պատճառով Իսրայելը հանկարծ կարող էր տարաձայնություններ ծագել` խոչընդոտելով զենքի վաճառքի տուրևառը։
Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ալիևը ներում է շնորհել` հրամանագրում մասնավորապես նշելով`

- Առաջնորդվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109 հոդվածի 22-րդ կետով՝ որոշում եմ․
Պատժի կրումից ազատել Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին (1976թ․ ծ․), որը դատապարտվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 2017թ․ հուլիսի 20-ին:

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Լապշինի ազատ արձակումն ու նրա փոխանցումը Իսրայել վաղուց է քննարկվել երկու երկրների միջև, և շուտով Լապշինը կարտահանձնվի Իսրայել։

Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը Լապշինի ազատ արձակումը որակել է որպես Ադրբեջանի պարտություն` ընդծելով, որ պաշտոնական Բաքուն ինքնակամ երբևէ այդպիսի քայլի չէր գնա. հանգամանքներն են պարտադրել Ալիևին.

- Պետք է նշեմ, որ Ադրբեջանում ձերբալկալության ժամանակ Լապշինը կարողացել է արժանապատիվ դիմանալ բոլոր այն տանջանքներին, որին ենթարկվել է. նրա պայմանները շատ նման էին համակենտրոնացված ճամբարներում հրեաների նկատմամբ վարվող քաղաքականությանը: Այս պարագայում չի բացառվում, որ Իսրայելը և մի շարք այլ պետություններ Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրել: Առկա են այլ առաջադեմ ուժերի միջամտությունները ևս,- ասել է Դավիթ Բաբայանը:

Իսկ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը դա Ադրբեջանի բացահայտ ձախողումն է համարել.
 

- Այդ ազատության գինը միայն դիրքորոշում փոխելու և ներողություն խնդրելու հարկադրանքն էր, թե մեկ այլ բան, այս պահին դժվար է ասել։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Բայց մի բան պարզ է. Լապշինի գործով Ադրբեջանը ակնհայտ նպատակ էր հետապնդում օտարերկրացիների դեպի Արցախ այցելությունները կրճատելու, Արցախի քաղաքացիների խնդիրների միջազգային լուսաբանումները սահմանափակելու, որը նույնքան ակնհայտորեն ձախողվել է։ Ավելին, թե՛ մեր Սփյուռքը և թե՛ միջազգային իրավապաշտպան հանրության առավել սկզբունքային հատվածը նոր խթան են ստացել Արցախում առավել ակտիվ գործելու համար,- Արցախի օմբուդսմենի խոսքը մեջբերել է Արցախպրեսը։

Հիշեցնենք` Ալեքսանդր Լապշինը 2011 և 2012 թվականներին եղել էր Լեռնային Ղարաբաղում, իսկ Բաքու կատարած իր այցելությունների մասին բլոգում քննադատական կարծիքներ էր արտահայտել Ադրբեջանի մասին։

Ադրբեջանում նրա դեմ հարուցվել էին քրեական գործեր և հենց այս երկրի պահանջով էլ անցյալ տարեվերջին Մինսկում ձերբակալել էին նրան։ Այս տարվա փետրվարին Բելառուսը բլոգերին արտահանձնել էր Ադրբեջան։