Կեցվածքը բնորդներին է վայել

ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԵՆ

Հոգեբանական նոր ուղղությո՞ւն են որդեգրել մեր քաղաքական ուժերը, թե՞ շահասիրության ճանապարհին իրենց արձանագրած հաջողություններն են փորձում բանաձևել՝ առերես «երկու տիրոջ» ծառայելու պատրանք ստեղծելով: Տերերից մեկն իշխանությունն է, որը երկրի ու ժողովրդի բոլոր հոգսերը հոգալու պատասխանատվությունն կրում՝ թերացումների համար «անարգանքի սյունին» գամվելով:
 
Իսկ ի՞նչ է անում իրեն ընդդիմություն հռչակած զանգվածը: Կամ փորձում են կոալիցիոն խողովակներով հնարավորինս մերձենալ իշխանական կարկանդակին՝ նույն ճարպկությամբ իրենց ուսերից թոթափելով պատասխանատվության բեռը, կամ մերթընդմերթ հերթապահ խոսքերով կրակոտ ճառեր են արտաբերում. դա էլ՝ հիմնականում նախընտրական ամիսներին: 
 
Օրինաչափ դարձած այս վարվելակերպի շրջանակներից մեր խորհրդարանում դուրս է միայն «Ելք» խմբակցությունը, որը կարծիքներ է ներկայացնում ժողովրդին հուզող խնդիրներից: ԱԺ ներթափանցած 4 ուժերից, փաստորեն, 2-ը իշխանություն են, մեկը՝ ընդդիմադիր, մյուսն էլ՝ իրեն ընդդիմություն հռչակող: Հենց ինքնահռչակ այդ ընդդիմադրի՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքը, փորձում էր հավաստիացնել, թե իրենք ընդդիմություն են:
 
Ասում են՝ ասողին լսող է պետք. Էնֆիաջյանին լսողներ կային, իհարկե, բայց հավատացողներ... Թույլ տվեք չհավատալ: Մեկ-երկու օրինագծի ցուցադրաբար դեմ քվեարկելը, վարման կարգից օգտվելը, նույնիսկ կառավարությանը տնտեսական առաջարկություններ ներկայացնելն ընդամենը խորհրդարանական առօրյա են, այլ ոչ թե ընդդիմադիր լինելու հավաստիք: Առավել ևս՝ նախընտրական ծրագրում ներառված 15 կետերը, որոնք Էնֆիաջյանն ինքը որակեց որպես «ընդդիմադիր կեցվածք».
 
- Մեր 15 կետերը, որոնք ներկայացրել ենք հասարակությանը, որը որ մի քանի հարյուր հազար քաղաքացիների կողմից էլ հավանության է արժանացել, իր մեջ պարունակում է ընդդիմադիր կեցվածք:
 
Իսկ կեցվածքը սովորաբար տարբերվում է բուն էությունից և բնորդներին է վայել:
 
Ընդդիմադիր լինելու հավաստիք չէ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը՝ «Ելք»-ի առաջարկներն ուսումնասիրելու վերաբերյալ, ինչն այսօր այնքան կարևորում էր  նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը.
 
- Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հստակ հանձնարարական հանգամանորեն ուսումնասիրել մեր գործընկերների կողմից ներկայացված առաջարկները: Մեր տնտեսական բլոկի մասնագետներն այժմ ուսումնասիրում են այդ նախաձեռնությունը՝ համապատասխան դիրքորոշում հայտնելու համար:
 
- Խնդիրը ինքնանպատակ հարցի հանգուցալուծման մեջ չէ,- ասում է բանախոսը՝ չհստակեցնելով՝ «ինքնանպատակ» է համարում հա՞րցը, թե՞ հանգուցալուծումը:
 
Փաստորեն «Ծառուկյան» դաշինքի համար էական չէ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝
 
- Խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ դուրս չգալու մեջ չէ, պետք է օգտագործել էն չիրացված պոտենցիալը, որը որ ընձեռում է մեզ ԵԱՏՄ-ն, հստակեցնել էն մեխանիզմները, որոնք որ կարող են կիրառվել, բայց դեռևս չեն կիրառվում և խնդրին մոտենալ հենց էս համատեքստից:
 
Արդ, օրինաչափ մի հարց է կախված մնում մեր քաղաքական դաշտում՝ ինչո՞ւ են բոլորը ձգտում ընդդիմադիրի տիտղոսին: Երկրի առաջընթացին նպաստելու, մարդկանց «մատից փուշ հանելու համար» քաղգործիչները պետք է միայն ազնիվ խիզախություն ունենան՝ չարիքի արմատը գտնելու և հետևողականորեն այն չորացնելու կամ հատելու համար: Եվ ինչ «վերնագիր» էլ որ ունենան այդ անձինք կամ խմբերը՝ երկրի ու ժողովրդի համար մեկ է. գո՛րծն է գնահատվում, այլ ոչ թե արագախոս ճամարտակությունները, ոչ էլ՝ հայհոյախոսությունը: