Ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության

Քիչ առաջ «Երկիր Ծիրանի»-ն տեղեկացրեց, որ Երևանի ավագանու նույնանուն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանն այսօր հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության՝ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու և ՀՀ Կառավարության 23 Հունիս 2017, 762 - Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջով: 
 
Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ՝ դա Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեպքով ներկայացված հայց է, որի պահանջի բավարարումը կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք է հանդիսանալու և հնարավորություն տալու վերականգնելու Երևան քաղաքին հասցված զգալի չափով գույքային վնասները:
 
Ի մասնավորի՝
 
- 2017 թվականի հունիս ամսին Երևանի քաղաքապետի պաշտոնը բռնազավթած անձն ու ավագանին և ՀՀ Կառավարությունը կոռուպցիոն մեխանիզմի կիրառմամբ Երևան համայնքից օտարել են (նվիրաբերության միջոցով) շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հող, որը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ջերմոցային տնտեսություն և բորբոսով պանրի գործարան կառուցելու համար:
 
«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ները  2017 թվականի հունիսի 16-ին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրը,  անմիջապես տեղեկանալով իրենց հետաքրքրող հողի օտարման ցանկում ընդգրկելու մասին և չսպասելով ավագնու 16 հունիսի 2017թ. N 15-Ն  որոշման ուժի մեջ մտնելու օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի լրանալուն՝ հենց նույնը օրը դիմել են Երևանի քաղաքապետարան խնդրանքով` այդ հողը նվիրաբերել իրենց:
 
Նույն օրը Տարոն Մարգարյանը  «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների    դիմումին ընթացք է տվել՝ դիմելով ՀՀ Կառավարությանը հավանություն տալ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հողը նվիրաբերելու և ՀՀ Կառավարության 23 հունիս 2017, 762 - Ա ընդունված որոշմամբ բավարարվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների խնդրանքը և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  163.2 հա հողը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ներին: 
 
ՀՀ Կառավարության 23 հունիս 2017, 762 - Ա ընդունված որոշմամբ խախտվել են՝ «Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, որով սահմանված է, որ  «Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն» և «Իրավական ակտերի մասին»   ՀՀ օրենքի 46 րդ հոդվածը, որը սահմանում է՝
 
«1. Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:
 
2. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:
 
3. Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն)»: