Իսկ որտե՞ղ էիք ապրիլյան պատերազմի օրերին. և ոչ միայն…

ՀԱՊԿ-Ը ՈՉ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՆԱՐԱՆՆ Է

 
Այստեղ են ասում՝ բերանդ ականջիցդ ինչքա՞ն է հեռու, որ քո խոսքերը ինքդ չես լսում:
 
Երևի թե Ռուսաստանին մրցակից երկրներին լսեցնելու  համար է ՀԱՊԿ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ականջշոյիչ հայտարարություն արել: Այդ մրցակից երկրներից մեկի՝ Եվրամիության հետ աշնանը Հայաստանը շրջանակային համաձայնագիր է ստորագրելու:
 
Մոսկվան հասկանում է, որ Եվրամիության հետ խորացնելով իր համագործակցությունը, չի բացառվում, մի գեղեցիկ օր Հայաստանը կարող է փոխել նախապատվությունը Ռուսաստանի հանդեպ: 
 
Մանրամասնենք, թե ինչ հայտարարության մասին է խոսքը.
 
- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը ստորագրել են համապատասխան պայմանագիրը, ընդունվել է ՀԱՊԿ կանոնակարգը, որը ենթադրում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում, մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները կամավոր պարտականություն են ստանձնել, որ եթե ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են։ Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ-որ մեկը կարող է չկատարել: Մեծ, թե փոքր ծավալով, բայց կկատարեն: 
 
Ռուս պաշտոնյան գուցե հիշողության կորուստ ունի, բայց ոչ՝ Ռուսաստանի կողմից դաշնակից համարվող Հայաստանը, որի ընդամենը նախորդ տարի գարնանը ամենաիսկական պատերազմ էր մղում սովետմիության ծնունդ և Ռուսաստանի սիրելի գործընկեր Ադրբեջանը: Վերջինիս ղեկավարությունը անհամբերությամբ ախորժակ էր պահում՝ Երևանում թեյ խմելու, ու որոշեց ամեն գնով իր երազը կյանքի կոչել: Հայաստանի դեմ  սանձազերծած պատերազմում Բաքվի բլիցկրիգը տապալվեց հայկական զինուժի արիության շնորհիվ, հարյուրից ավելի զոհերի գնով, բայց բացառապես առանց ՀԱՊԿ անդամ պարտավորյալների աջակցության: Բայց երբ Բաքուն խնդրեց խաղաղություն և պատերազմի դադարեցման կոչնակ հնչեցրեց, այդժամ բարեսեր ինչ-որ միջնորդներ ի հայտ եկան: Եվ ինչո՞ւ միայն ապրիլին: 
 
Ապրիլից առաջ՝ 2014թ օգոստոսին, 2015թ օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերի միջադեպերը ոչ ոք չի մոռացել: Եվ, ընդհանրապես, իր իսկ սանձազերծած պատերազմը տանուլ տալուց հետո գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հրետակոծում է մեր դիրքերը, նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը: Ընդ որում՝ ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրած Ռուսաստանի զենքով:
 
Իսկ որտե՞ղ է այդ պահերին ՀԱՊԿ-ը: Դրա ո՛չ մի անդամն այդպես էլ «անգամ ամենավատ երազում» չմտածեց իր գործընկեր Հայաստանինն օգնելու մասին: Նրանք լուռ հետևում են իրավիճակին, սպասում, թե ինչպես այն կհանգուցալուծվի: Անգամ այդ կառույցի գլխավոր դիրիժոր Ռուսաստանը բավարարվում է երկու կողմերին պատերազմի դադարեցման մասին հայտարարություններ տարածելով: 
 
Չլինի՞ ՀԱՊԿ-ը առանձնակի գուրգուրանքով է վերաբերվում ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրներին, և «անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում, մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները» ասելով՝ հավանաբար, նկատի ունի ՀԱՊԿ-ի երկրների միջև՞ պայքարը, երկրներից մեկի սպառնալիքը մյուսի հանդե՞պ: Անհեթեթ է, իհարկե, բայց անհեթեթ է այնքան, որքան այդ խոսքերն ամրագրողների կեցվածքը՝ Հայաստանի հանդեպ:
 
Չենք հետևի քաղաքական որոշ ուժերի օրինակին և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչ չենք անի, բայց  ռուս չինովնիկին կուզենայինք ասել՝ չե՛նք հավատում ձեր խոսքերին: Իսկ մեր ընթերցողին պարզապես կասենք, որ լուրջ  պետք չէ վերաբերվել այս ու նմանատիպ շքերթային բառակապակցություններին:
 
Այդօրինակ բարեկամներից կրած տառապանքի մեր փո՛րձը վկա: