Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. «գաղտնազերծում»՝ ԱԺ-ում

ՉՀՐԱԺԱՐՎԵԼ, ԲԱՅՑ ՕԳՏՎԵԼ

Մենք առանց Ռուսաստանի կորած ենք՝ այս «հակափաստարկն» այսօր թևածեց հայրենի խորհրդարանում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության առաջարկը: Այդ «հակափաստարկով» միակ ընդդիմացողն էլ Արտաշես Գեղամյանն էր, ով նորից ապացուցեց, որ դեռ 20-րդ դարի մտածողության կրողն է: Գազը, հոսանքը կթանկացնեն, թուրքերին բաց կթողնեն մեզ վրա,մենք սովից կմեռնեք՝ եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին: 
 
Սակայն այս քննարկումը սոսկ Եվրասիական տնտեսական միության լավի ու վատի մասին չէր, այլ Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության: Քննարկմանն ակտիվ էին միայն «Ելք»-ականները: 
Եթե անդամակցությունը  գործընկերային հարաբերությունների հիման վրա է, ինչպե՞ս հասկանալ շանտաժի ու սպառնալիքի այս լեզուն: Արտաշես Մամիկոնիչի  հայտարարությանն այսպես հակադարձեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ում հնչեցրած հարցին հստակ պատասխան այդպես էլ չեղավ: 
 
Արդյո՞ք սա չի նշանակում, որ իշխանությունն էլ առանձնապես տարված չէ միայն ԵԱՏՄ-ին ապավինելու հեռանկարով: Մի բան ակնհայտ է՝ թեկուզ դիվանագիտորեն առայժմ ծպտյալ, բայց ՀՀԿ-ում արևմտամետ թև կա, որը պատեհ առիթի դեպքում իր խոսքը կասի: Մեկ այլ վարկած էլ կարող ենք ներկայացնել, որին, սակայն, ինքներս էլ կուզենայինք չհավատալ. իշխանության մեջ հանգրվանածների համար պատգամավորական մանդատը սոսկ անձնական հարցերը լուծելու միջոց է, հետևաբար ԵՏՄ, ԵՄ, թե Շանհայ՝ նրանց համար միևնույնն է: 
 
Իրավիճակը փորձեց «փրկել» ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Բեքարյանը,ով «Ելք»- ին հիշեցրեց Մոլդովայի անդամակցությունը Եվրամիությանը, որից հետո Քիշնևի տնտեսական ցուցանիշները նվազում են:
 
ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած «հին ընկերները»՝ Դաշնակցությունը, ևս չթաքցրեց համակրանքը ԵՏՄ-ի հանդեպ՝ աննուղղակիորեն հաստատելով, թե ԵՏՄ-ին չանդամակցելը հավասար էր Հայաստանի պետականության կորստին: 
 
- Լավ փաստարկներ են բերվել, որոնք մենք կարող ենք մեր ԵՏՄ գործընկերներին ներկայացնել. նույն Բելառուսի, Ղազախստանի մասով բերված փաստարկներ, որ նրանք տարօրինակ պահվածք են դրսևորել այս ընթացքում: Ճիշտ կլիներ, որ «Ելք»-ը տնտեսական հաշվեկշիռը բերելու հետ միասին բերեր նաև ռազմավարական հաշվեկշիռը: Տեսնեինք՝ ի՞նչ ռազմական աջակցություն են ցուցաբերել ՀՀ-ին,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 
 
«Ծառուկյան» դաշինքը ևս հստակ դիրքորոշում չհայտնեց՝ կո՞ղմ է «Ելքի» նախաձեռնությանը, թե՞ դեմ: Ավելին, դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խնդիրն այլ հարթություն տեղափոխեց՝ ԵՏՄ-ի հնարավորություններից Հայաստանը ճիշտ չի օգտվում:
 
- Մենք պետք է այն հարցը քննարկենք, որ մեզ չի հաջողվում այդ տնտեսական միության հնարավորություններն օգտագործել, և սա մեր կառավարության քաղաքականության պրոբլեմների շարքում տեղավորվում է: Ի՞նչն է խնդիրը, որ մտել ես 200 մլն-ոց շուկա, բայց ի վիճակի չես դա օգտագործել ի շահ պետության ու ժողովրդի:
 
Մյուս հակափաստարկն այն էր, որ որևէ երաշխիք չկա, թե Եվրամիությանն անդամակցելուց հետո ներդրումներն ավազի նման կհոսեին Հայաստան: Այսինքն՝ որքան էլ ԵՄ-ին անդամակցելը գայթակղիչ լինի, ԵՏՄ-ից օգտվելու հնարավորությունը չպետք է անտեսել:
 
Թեև ընդդիմադիր «Ելքի» նախաձեռնությունը հանձնաժողովում քննարկելու առաջարկը մերժվեց, այնուամենայնիվ, Հայաստանի թիվ մեկ ամբիոնից այս քննարկումը կարևոր էր, որից, հուսանք, իրեն մեր ռազմավարական դաշնակիցը համարողները հետևություն կանեն: