Ուրիշները յուրացնում են մերը, իսկ մենք բողոքում ենք աղքատությունից

ՋԱՎԱԽՔԻ ՍԱԴՐԱՆՔՈՒՄ ՉԿԱ՞ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ

Մենք բողոքում ենք, որ շատ ենք աղքատացել, իսկ օտարները մինչ օրս մեզանից  դեռ պահանջում են իրենց չեղած  ունեցվածքն ու մշակութային արժեքները:
 
Նկատե՞լ եք, որ երբ փոքր Հայաստանում  հազարամյակների հնության գտածո է հայտնաբերվում, անմիջապես մեկ այլ երկրում ամիսներ անց մեկ այլ արժեքավոր նմուշ են հայտնաբերում: Երևի թե հերթը նաև  Ջավախքին կհասնի՝ վերջին դեպքերը հաշվի առնելով:  Գուցե գոնե հիմա ճանաչենք մեր ունեցածը ու տեր կանգնենք մեր մշակույթին: 
 
Ջավախքում մի խաչքարի տեղադրման փորձը դարձյալ վերհանեց հայ-վրացական կնճռոտ հարցերը, որոնց վրա արդեն քանի տարի է՝ աչք են փակում մեր պետական այրերը: Հասկանալի է, Հայաստանի իշխանությունը չի ցանկանում Վրաստանի հետ լարել հարաբերությունները՝ նրան էլ ավելի չմղելով թուրք-ադրբեջանական տանդեմի գիրկը: Առանց այդ էլ Վրաստանի վտարանդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հակահայկական իր մոտեցումներով ականջը կախած թուրք-ադրբեջանական՝ հայկական «քնած սեպարատիզմի» մասին փսփսոցներին, ամեն ինչ արեց՝ Վրաստանը կախվածության մեջ դնելու  Թուրքիայից և Ադրբեջանից: Ավելին, Վրաստանի «Ազգային անվտանգության հայեցակարգում» Թբիլիսիի ռազմավարական դաշնակցի դերը հատկացված է Բաքվին ու Անկարային։
 
Իսկ ադրբեջանցիներն էլ ջանք ու եռանդ չեն խնայում՝ «բնակռելու» Վրաստանում, իսկ երբեմն էլ Մառնեուլը ադրբեջանական հող համարելու: Ու սեփական երկիրն այս կախվածությունից դուրս բերելու փոխարեն, Վրաստանի իշխանությունն օրեր առաջ թույլ չի տվել Ջավախքի մեր հայրենակիցներին խաչքար տեղադրել Գումբուրդոյի եկեղեցում: Պատճառը եկեղեցու վերանորոգման ժամանակ հայտնաբերված՝ 18-րդ դարի հայ-թուրքական բախումների ժամանակ զոհվածների գերեզմաններն են: Վրացի ուղղափառները, հասկանալով գտածոյի արժեքը, որոշել են սեփականաշնորհել այն: Հայերը ևս հասկանալով դա, անմիջապես խաչքար են փորձել տեղադրել՝ այդ կերպ պաշտպանելով ունեցածը: Եվ վրաց ջոկատայինները նախ ծեծուջարդ են սարքել, ապա  ձերբակալել մի քանիսին: 
 
Իրավիճակն այսօր հանգիստ է, բայց դեռ հստակ չէ՝ խաչքարը կտեղադրվի՞, թե՞ ոչ:Մինչ օրս ո՛չ Հայոց կաթողիկոսը, ո՛չ վրաց պատրիարքը չեն արձագանքել տեղի ունեցածին, չեն կանգնել իրենց հոտերի կողքին: Ամենայն հավանականությամբ արձագանք, այնուամենայնիվ, դեռ կհնչի, բայց ՝ «ճաշից հետո մանանեխն» ո՞ւմ քիմքին է հաճո:
 
Չի բացառվում նաև, որ միջադեպը երրորդ ուժի կողմից էլ հրահրված լինի, մասնավորապես՝ թուրք-ազերիական տանդեմի, որոնց ձեռնտու է հայ-վրացական հարաբերությունների լարումը: Ռուսաստանի գործոնն էլ չենք կարող բացառել, քանի որ հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնցից առաջ, ըստ հրապարակումների, Թբիլիսիում ակտիվանում է ռուսական գործոնը: 
 
Սակայն, որքան էլ մեղադրենք արտաքի ուժերին, մեր սխալն ու բացթողումը չենք կարող անտեսել: Վրաց պատրիարքը վերջերս խնդրել է վրաց եկեղեցիների կարգավիճակ տալ Հայաստանի Լոռու մարզում Ախթալայի, Քոբայրի, Դսեվանքի, Հնեվանքի եկեղեցական համալիրներին: Իսկ ի՞նչ է արել Հայաստանը: Մշտապես  լռել է և ի տրիտուր  չի պահանջել  գոնե չվրացականցնել հայկական եկեղեցիները: Որքանո՞վ է ճիշտ մշտապես լռություն, չեզոքություն պահելը, եթե դիմացինդ դա օգտագործում է հօգուտ իրեն:
 
Ժամանակը չէ՞ արդյոք  խոսել այս խնդիրների մասին. առավելևս, որ Վրաստանի մշակույթի նախարարը հայտարարեց, թե հայկական եկեղեցիները պատկանում են այն տարածքին, որտեղ գտնվում են: