Վերջապես հնչեց՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների»

ՆՊԱՏԱԿՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՄԲ Է ԱՐԴԱՐԱՑՎՈՒՄ

72 տարի առաջ՝ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, Ազգերի Լիգային փոխարինած ՄԱԿ-ին նախնական 51-ի փոխարեն այսօր անդամակցում է 193 երկիր։
Միջկառավարական այս կազմակերպության նպատակն է՝ պահպանել միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը, բարձրացնել մարդու իրավունքների իրազեկությունը, խթանել հասարակական ու տնտեսական զարգացումը, պահպանել շրջակա միջավայրը, հումանիտար օգնություն տրամադրել սովի, բնական աղետների ու զինված հակամարտությունների դեպքերում։ Որքանո՞վ է, սակայն, ՄԱԿ-ն իրագործում իր այս նպատակները: Հակված չենք պնդել, թե կառույցը թերանում է իր պարտականություններում, բայց արդյո՞ք կարողանում  է հավատարիմ մնալ իր իսկ որդեգրած սկզբունքերին: 
Որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, որ այս կազմակերպությունը մեծ ուժ է խաղաղություն հաստատելու և մարդկության զարգացումն ուղենշելու գործում, մինչդեռ մյուսների որակմամբ՝ ՄԱԿ-ի աշխատանքն անարդյունավետ, աղավաղված է ու կողմնակալ։
 
Վերջին տեսակետի կողմնակից է, կարծես, ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովի իր հայտարարությամբ: 
 
Փենսի խոսքով՝ ՄԱԿ-ը լիարժեք չի կատարում իր առաքելությունը, ինչի արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում. 
 
- Մերձավոր Արևելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը՝ դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին:
 
Գագաթնաժողովում Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքն, իհարկե, Հայկական լեռնաշխարհի և քրիստոնեության մասին է: Նա փաստում է, որ Վաշինգտոնի քաղաքականությունն արմատական փոփոխության է ենթարկվել՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ:
Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով՝ դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ. 
 
- Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում:
 
Հարկ է կարևորել փոխնախագահ Փենսի այն հիշեցումը, որ քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արևելքից. 
 
- Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի եւ Եփրատի ափերից մինչեւ Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել:
 
Ասել է թե՝ գերտերությունները հրաշալիորեն գիտեն մարդկության պատմությունը ու նաև այդ պատմության օրրանները՝ Հայկական լեռնաշխարհով հանդերձ: 
 
Ուրախացնող է նաև «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովի գաղափարը. մանավանդ՝ վերջին տասնամյակներում տարատեսակ կրոնական փոքրամասնություններին տրվող գերապատվության ֆոնին:
 
- Միացյալ Նահանգները միշտ կսատարի նրանց, ովքեր տառապանքներ են կրում իրենց հավատքի համար: Մենք միշտ նրանց ի սատար ենք կանգնելու,- իր ելույթում ընդգծել է Մայք Փենսը:
 
Հետաքրքիր է, նա նկատի ունե՞ր նաև հայերի նախճիրը 102 տարի առաջ՝ քրիստոնեական հավատքի համար, հայկական եկեղեցիների անխնա ավերումն ու յուրացումը Թուրքիայում և առ այսօր առաջին քրիստոնյա ազգի դեմ շարունակվող ոտնձգությունները: