Դեսպանի պաշտոնն էլ հանկարծ բիզնեսի աղբյուր չդառնա

ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Նորություն չէ, երբ Հայաստանում որոշ ոլորտներ ձեռքի հետ նաև բիզնեսի աղբյուր են և այս կամ այն անձի հարստացման միջոց: Երբ դա արվում է ոչ այնքան կենսական նշանակություն ունեցող օղակում, մի կերպ կարող ես հաշտվել, բայց երբ պետական շահերը ետին են պլան են մղվում, ու պաշտոնն էլ դառնում է միայն հարստություն դիզելու միջոց, սա արդեն ծաղր է պետությանն ու հանրությանը:
 
Վրաստանում Հայաստանի դեսպանի նշանակման թնջուկը  հանգուցալուծվեց: Ամիսներ շարունակ դեսպանի հավանական թեկնածու Սերգեյ Մինասյանի նշանակումն այդպես էլ ի դերև եղավ: Մինչդեռ հույս կար, որ գոնե այս անգամ Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչը պատշաճ և արտաքին քաղաքականությանը հասու անձ է:
 
Հիշեցնենք, որ Վրաստանում 2014-ից դեսպան էր ծանրամարտիկ, սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանը, որի նշանակումն ի սկզբանե խնդրահարույց էր: Ծանրամարտիկն ի՞նչ է անելու Վրաստանում: Թերահավատությունն ու անցանկալի  կանխատեսումները, ցավոք, դեսպանի 3 տարվա գործունեության ընթացքում իրականացան:
 
Յուրի Վարդանյանին նախորդած դեսպանը ևս առանձնապես Հայաստանի շահերի ջատագով չէր: Խոսքը արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի մասին է: «Ավանգարդն» առիթ է ունեցել զրուցելու Վրաստանում հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչներից մեկի հետ, ով պատմում էր, որ ամիսներով չէին կարողանում դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպել՝  հայկական համայնքին հուզող հարցերը քննարկելու: 
 
Յուրի Վարդանյանն էլ, մեղմ ասած՝ իր ակտիվությամբ չի փայլել. զուտ մասնագիտական հմտություններով չէր էլ կարող  դիվանագիտական ակտիվ գործունեություն ծավալել: 
 
Թվում էր, թե ի դեմս Սերգեյ Մինասյանի՝ արժանի թեկնածու է գտնվել: Սակայն արի ու տես, որ կար ներքին դիմադրություն ոչ միայն վրացական, այլև հայկական կողմից: Նախ, Վրաստանը որոշ հայ գործարարների համար գործունեություն ծավալելու հարմար տեղ է: Հետևաբար, բիզնեսմենների համար կարևոր է, որ Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչն իրենց սրտով լինի: Ի վերջո, Վրաստանում հայ գործարարների գործունեության մասին ամեն ինչ չէ, որ գիտենք և պետք էլ չէ, որ իմանանք: Այս տեսանկյունից, մեզ հասած  հավաստի տեղեկություններով, Սերգեյ Մինասյանը ամենևին ձեռնտու չէր: Մեր  բիզնեսմենները ձեռք-ձեռքի տված՝ ջանք ու եռանդ չեն խնայել Մինասյանի թեկնածությունը չեղարկելու համար: Ազերիների քիմքին ևս հաճո չէր Մինասյանի նշանակումը՝ հավանաբար, կանխատեսելով, որ նա լրջորեն զբաղվելու է դիվանագիտական գործունեությամբ՝ բնականաբար՝ ի նպաստ իրենց թշնամի Հայաստանի: Վրաստանն էլ առանձնապես շահագրգռված չէ իր երկրում Հայաստանի շահերին ծառայող, հակական շահը պաշտպանող մեկին տեսնել: Ու, որպեսզի հասնեն իրենց նպատակին, վրաց իշխանության ականջին փսփսում էին Սերգեյ Մինասյանի ռուսամետ լինելը, ինչն էլ, բնականաբար, խրտնեցրեց Թբիլիսիին: 
 
Ուզում էինք ավելի լավը, բայց եղավ ինչպես միշտ: Նախագահի հրամանագրով Վրաստանում դեսպան նշանակվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի բիզնեսմեն եղբայրը՝ Ռուբեն Սադոյանը: Ո՞վ է նորանշանակ դեսպանը: Ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ֆինանսիստ-տնտեսագետի մասնագիտությամբ: 1990-1994թթ. աշխատել է ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետև տեսչության օպերատիվ վարչությունում՝ պետական հարկային տեսուչ: 2000-2001-ին եղել է ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ: 2002-ին աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում՝ որպես տնօրեն, 2002-2003թթ.՝ «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում՝ տնօրեն: 
 
Ռուբեն Սադոյանի քաղաքական կարիերան սկսվել է 2007 թվականից: 2007-2012թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 9 ընտրատարածքից: 2012թ. մայիսի 6-ին ևս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել՝ դարձյալ թիվ 9 ընտրատարածքից. ըստ տեղեկությունների՝ Երևանի նախկին քաղաքապետ  Գագիկ Բեգլարյանի  աջակցությամբ: 
 
Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները հիշում են Ռուբեն Սադոյանին որպես լռակյաց, սուսիկ-փուսիկ օրենսդիր մարմնի անդամ: Թեև նեղ շրջապատում Ռուբեն Սադոյանը մշտապես պարծեցել է լեզուների իմացությամբ, գիտելիքներով, քննադատել ամբիոնից «դատարկախոսող» պատգամավորներին: Բայց այդպես էլ լրատվամիջոցները բախտ չունեցան՝ զգալու Սադոյանի պատրաստվածությունը: Անգամ այսօր, երբ նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան, խուսափում է անդրադառնալ իր հասցեին հնչող քննադատություններին: Մինչդեռ հատկապես վերջին երկու օրերին Սադոյանի մասին մի քանի ուշագրավ հրապարակումներ կան: Սադոյանը 2005-ից հիմնել «Յունիգրաֆ-Իքս» ԱՊԸ-ն, որի «հովանավորն» էլ Գագիկ Բեգլարյանն է եղել, որովհետև ՍՊԸ-ն գործունեություն է ծավալել քաղաքապետարանի հետ համագործակցելով՝ զբաղվելով թափառող շների ստերիլիզացման գործերով: Սակայն թափառող կենդանիներին ոչ թե ստերիլիզացրել, այլ ոչնչացրել է՝ պատկառելի գումարներ ստանալով պատվիրատուից: Սրա մասին կենդանասերները բազմիցս բարձրաձայնել են: Ավելին՝ զարմացել, թե ինչպես կարող է թափառող շների թիվն ամեն տարի մնալ նույնը: 
 
Հիշեցնենք նաև, որ Ռուբեն Սադոյանին մեղադրում էին թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների դեմ բռնություններ  գործադրելու համար: 
Եվ ինչ սպասենք այսպիսի կենսագրությամբ դեսպանից, որը հիմնականում միայն սեփական գրպանը լցնելու մասին  է մտածել: Արդյո՞ք նա կարող է Հայաստանի շահը պաշտպանել մեզ համար կարևոր նշանակություն ունեցող հարևան երկրում, որի հետ ունենք խնդիրներ: Հազիվ թե: Հատկապես, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հստակ տեսլական չի ուրվագծվում: