Արգելել «անկոչ հյուրերի» մուտքը ՀԷԿ-երի բիզնես

ԵՐԲ ՄԵՆԱՇՆՈՐՀՆ ՕՐԻՆԱԿԱՑՎՈՒՄ Է

Քո աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն եք տեսնում: Այն էլ այնպիսի փուշ, որը նոր-նոր է ուզում պարարտ հողում արմատավորվել: Իսկ ձեր աչքի գերանի դեմն ո՞վ պետք է առնի: Այս հարցը կարելի է ուղղել դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին, որը փոքր ՀԷԿ-երի կառուցումն արգելող նախագիծ է հրապարակել:
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Հայաստանում գործում է 181 փոքր ՀԷԿ, որոնց կեսից ավելին կառուցված է Հայաստանի 67 գետերի ու վտակների վրա:
 
Բնապահպանները բազմիցս են ասել՝ փոքր ՀԷԿ-երը վնասում են բնությանը, գյուղացիներին զրկում ջրից, բայց՝ ձայն բարբառո հանապատի: Ու ահա հանկարծ նախարարությունը «Էկոլուրի» հետ համատեղ որոշել է կառավարությանը նախագիծ ներկայացնել, որով նախատեսվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Կարճաղբյուրի, Մասրիկի, Վարդենիսի, Արգիճիի, Մարտունիի, Ձկնագետի, Հրազդանի, Աղստևի, Ախուրյանի, Որոտանի,Արփայի, Ձորագետի, Եղեգիսի, Ազատի, Մարցի, Գոշի, Մեղրիգետի, Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակների վրա: Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են Կարմիր գրքում գրանցված, կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են. գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է:
 
Առաջին հայացքից ողջունելի է պատկան կառույցի այսպիսի համարձակ քայլը: Բայց՝ միայն առաջին հայացքից: 
 
Իրականում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը  կարծես թե «մոռացել» է Սիսիանի Սարավան գյուղով անցնող Դարբ գետի վրա կառուցված ի՛ր ՀԷԿ-ը: Ավելին, ըստ տեղեկությունների՝ վերոնշյալ տարածքում, որտեղ  22 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման արգելք է լինելու, արդեն իսկ ՀԷԿ-եր ունեն մի քանի ներկա և նախկին պաշտոնյաներ՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Այդ գետերի վրա ՀԷԿ ունեն անգամ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և այլք: Հիմա հարց՝ ինչո՞ւ Բնապահպանության նախարարությունն այդ ՀԷԿ-երի մասին չէր «հիշում»: Մի՞թե այդ կայանները  բնությանն ու գյուղացուն այնքան են օգնում, որ Արծվիկ Մինասյանն աչք է փակել դրանց վրա: Եվ ինչու միայն այդ տարածքների ՀԷԿ-երի վրա: 
Օրեր առաջ «Ավանգարդը» գրել էր Վայոձ ձորի Շատին համայնքում սփյուռքահայ գործարարի դեմ իրականացվող «ահաբեկչության» ու Եղեգիս գետը ցամաքող առու դարձնելու մասին:
 
Հետևությունը մեկն է՝ գործող կառավարությունը (համենայն դեպս՝ կառավարության որոշ անդամներ) մենաշնորհի դեմ պայքարելու փոխարեն, աստիճանաբար օրինականացնում է տնտեսության զարգացման այդ խոչընդոտը, իսկ Հայաստանի եղած ռեսուրսներն էլ օրենքով բաժան-բաժան է արվում պաշտոնյաների միջև: Ե՛վ կառավարելը հեշտ կլինի, և՛ յուրայինները կուշտուկուռ կապրեն: Հիդրոէլեկտրակայանների բիզնեսն էլ բացառություն չէ: 
Ըստ էության, նախարարը փորձում է սահմանափակել «անկոչ հյուրերի» մուտքն իրենց կերակրատաշտ: Գրողի ծոցը՝ թե Հայաստանում  հայտարարվել են շուկայական հարաբերություններ ու պայքար մենաշնորհի դեմ: Ամեն ասածի հո չե՞ն հավատա: Ամեն օգտակարը հո իրենց շահերից չի՞ բխում: