Պակաս-պռատը հո շատ չէ՞

ՀԱՐՑԱԽՈՒՅԶ

Արդեն չորրոդ շաբաթը շարունակվող նախընտրական քարոզարշավը թերևս դրսևորել է իր ամբողջ ներուժը, և մնացած մի քանի օրերին դժվար թե էական որակական բարելավում ի հայտ բերի: Արդյո՞ք դրա շրջանակներում ասվում և արվում է, ինչ որ հարկավոր է:  Քարոզարշավի ընթացքը բավարարո՞ւմ է արդյոք մեր քաղաքացիներին: Մեր հարցախույզի այս անգամվա հարցն էր. 
 
- Ձեր կարծքով՝  ի՞նչն է պակասում:  
 
 
Թեհմինե ԳՅՈԶԱԼՅԱՆ. երկու երեխաների մայր
 
- Պակասում է պաթոսի ցածր աստիճանը։ Տնաշեններն ասես ճարտասանության մրցույթի են դուրս եկել։ Մեծ մասը չի մտածում, որ եթե հանկարծ ընտրվի` պիտի գործեր անի, ոչ թե ճառ ասի։ Դրանից պարզ երևում է, որ շատերն ուղղակի բախտ են փորձում կամ էլ արտահայտվելու հարմար առիթ են գտել։ Մի խոսքով` անլրջությունը շատ է։ 
 
Ավետիք ԱՆԱՆՅԱՆ.  երաժիշտ
 
- Ես չեմ լսում այն խոսքը, որն ունակ է աշխարհով մեկ սփռված հայերին համախմբել, նրանց մեջ հայրենասիրություն բորբոքել, մեծ գործերի հիմք դառնալ։ Բոլորը ձգտում են իշխանության, ու հենց դա էլ արժեզրկում է նրանց խոսքն ու արարքները ։
Կուզենայի, որ քարոզարշավը մեր համազգային խնդիրները հստակեցնելու առիթ դառնար, ցավոք այդպես չէ։ Այնքան շատ են խոսում պետության ներսում համակարգային փոփոխություններ կատարելու մասին, որ թվում է, թե մի նոր աշխարհակարգ են հայտնագործելու։ Այնինչ սևեռուն նպատակը պատգամավորական տեղեր նվաճելն է, ինչից հետո գալիս են տեղերը կառավարությունում և այլ ոլորտներում։ Դաշնակցականների առաջարկած ծրագրերը խելքին մոտ են, բայց կկատարվե՞ն. դա է հարցերի հարցը։  
 
Կարինե ՍԻՄՈՆՅԱՆ. վաճառող
 
- Երևի մի քիչ համեստությունն է պակասում: Պակասում է նաև երկրի համար իսկական գործ անելու ցանկությունը: Ու նաև վստահությունն է պակասում: Ինչո՞ւ են քարոզարշավի մասնակիցները բերանները ջուր առած փորձում մարդկանց համոզել, որ իրենք ոտքներն ամպոտ հրեշտակներ են, ոչ մի մեղք ու հանցանք չեն գործել, միայն բարիքներ են շուրջը սփռել։ Ախր ժողովուրդը կույր չէ, սեփական մաշկի վրա է զգացել թե՛ կոմունիստների, թե՛ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության արհավիրքները, հիմա նույնպես քիչ անարդարություն ու զրկանք չի տեսնում։ Քաղաքական ուժերն այնքան ազնվություն չունեն, որ մեղա գան, նրանք միայն ցանկանում են վերականգնել իրենց դիրքերը։  
 
Սյուզի ՍԱՀԱԿՅԱՆ. ուսանողուհի
 
- Կուզենայի իմանալ, թե աշխարհի ներկա խառնակ վիճակում որն է լինելու հայկական երկու պետությունների վարելիք արտաքին քաղաքականությունը։ Մենք պետք է շարունակենք մուրացկանի հայացքով նայել Մինսկի խմբի սառը ձեռքերին ու հանդուրժենք Բաքվի ոտնձգություննե՞րը, թե՞ ակնկալենք դիվանագիտական նոր քայլեր, նոր մտահղացումներ ու լուծումներ։ Ոչ ոք քարոզարշավում դա չի ասում, առաջին նախագահն էլ իր 19 տարվա հին հոդվածն է շրջանառության մեջ դրել ու չի նկատում, որ դրանից նավթալին է փչում։ Ասենք թե դու խաղաղություն ես տենչում, բա թշնամուդ արյունալի արարքներն ու ճառերը չե՞ս նկատում, այդ տարիքում կարելի՞ է այդքան երեխա լինել։