Հիստերիայի մեջ հայտնված ռուսաստանցի մեկնաբանները տառապում են թերարժեքության ախտանիշով. Գառնիկ ԻՍԱԳՈւԼՅԱՆ

ԸՆԹԱՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն իրողություն է՝ իրենից բխող բոլոր հետևանքներով և պարունակած դրական ու բացասական կողմերով: Դրա շուրջ քննարկումներն ու կարծիքների փոխանակումները շարունակվում են, և այս անգամ avangard.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանին:
 
- Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն ամենամեծ դրական կողմը, որն ունի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը մեզ համար, և ո՞րն է ամենամեծ բացասական կողմը, որին հնարավոր է՝ բախվենք:  
 
- Ընդհանրապես, որևէ համաձայնագրի հետ կապված ամենադրական և ամենաբացասական կողմերի մասին խոսելը տեղին չէ: Համաձայնագրերն ամբողջական փաստաթղթեր են, որոնց մշակման սկզբնական փուլից մինչև դրանց ստորագրումը հաշվի են առնվում կողմերի համար անհրաժեշտ խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, որոնք բխում են երկուստեք հնարավորություններից ու շահերից: Օգտագործելով համաձայնագրի ընձեռած հնարավորությունները՝ մեզ համար շատ կարևոր է մեր շահերի տեսանկյունից լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության առջև:
 
- Պատշաճ կիրառման դեպքում Համաձայնագրի դրույթները ժամանակի ընթացքում կսկսեն տեսանելի դառնալ: Ո՞ր կետից պիտի սկսի Հայաստանը, որ դրական արդյունքները զգալի լինեն հասարակության համար: 
 
- Քանի որ մենք արդեն իսկ խոսեցինք փաստաթղթի ամբողջականության մասին, ուստի այն առանձին մասերի բաժանել ու ասել, թե ո՛ր կետից պետք է սկսել, կնշանակեր չընդունել փաստաթղթի ամբողջականության տրամաբանությունը: Այստեղից հետևում է, որ մենք պետք է սկսենք փաստթաթղթի բոլոր կետերից միաժամանակ և խնդիրները լուծենք յուրաքանչյուրի համար անհրաժեշտ և օպտիմալ  ժամանակատարությամբ:
 
- Ռուսական կողմի վերաբերմունքը շատերի կողմից որակվում է որպես հիստերիա: Ու թեև այն պաշտոնական չէ, սակայն, անշուշտ, պարունակում է որոշակի մեսիջներ: Ձեր կարծիքով՝ նման պահվածքը Հայաստանը որպես վստահելի գործընկեր կորցնելու մտավախությա՞ն արդյունք է, թե՞ տգետ խանդի:
 
- Ուղղակի չիմացության: Ես ուշադիր հետևել եմ բոլոր այդ մեկնաբանություններին և կարող եմ արձանագրել հետևյալը՝ ռուսաստանցի այն մեկնաբանները, որոնք հայտնվել են հիստերիայի մեջ, հստակորեն տառապում են թերարժեքության ախտանիշով: Պարզ երևում է, որ նրանց իմացությունը տարբեր ժամանակահատվածներում պատմական  իրողության և մեր երկու պետությունների միջև եղած ու առկա փոխհարաբերությունների վերաբերյալ սխալ է, և այժմ էլ ընթացող զարգացումները ճիշտ չեն ընկալվում: Պաշտոնական դիրքորոշումներում ու մեկնաբանություններում Ռուսաստանի պաշտոնյաներն արձանագրում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հիմնված է իրական փաստերի վրա և արտահայտում է Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը: