Հավատաքննություն՝ ռուսական ձևով

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՈՒՔ, ԻՆՉՊԵՍ և ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏՔ Է ՍՐՏԽԱՌՆՈՑ ՈՒՆԵՆԱՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐԻՑ»

Ռուսական հեռուստաալիքով հեռարձակված հերթական անպատկառությունը, երևի իսկապես, տգետ հավատաքննություն դարձավ՝ վերստին փաստելով, որ ցանկացած իրավիճակում հայ մարդն արժանապատվություն ունի և չի հանդուժում տարատեսակ ափեղցփեղություններն իր ազգի հասցեին:
 
Ու եթե Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նման 1-2 հաճկատարներ փորձեցին հաճոյանալ մեզ վիրավորողներին, ձայն բազմացը ավելի հուժկու էր ու միակարծիք: 
 
Արմեն Դարբինյանը կարծես միանգամից երկու նշանակետի է փորձել հարվածել՝ դատափետումի սլաքը Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիին ուղղելով: Ֆեյսբուքյան իր էջում նրա գրառման լավագույն արձագանքը, թերևս, 1in.am-ի վերլուծությունն է՝ «Սլավոնական հոխորտանք. ինչու չհամբերեց Արմեն Դարբինյանը» վերնագրով:
Հիշեցնելով, որ նախկին վարչապետը ղեկավարում է բուհ, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, հեղինակը պարզապես արձանագրում է՝
 
- Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո ռուսները պետք է վայնասուն բարձրացնեին ու իրենց խոսափողների միջոցով առաջին հերթին թիրախավորեին ԵՄ-ին ու նրա ներկայացուցիչներին:
 
Այսօրվա չեկիստական Ռուսաստանը երկու սյուն ունի Հայաստանը կառավարելու՝ կոռուպցիան և գողական, քրեական աշխարհը: Այս երկու գործիքներն էլ ռուսները պինդ պահում են, որպեսզի հանկարծ չկորցնեն վերահսկողությունը Հայաստանի հանդեպ: Ու դեռ մեծ հարց է, թե ով է ավելի մեծ հարված հասցնում Հայաստանին՝ քրեական աշխա՞րհը, թե՞ մտավորականի դիմակի տակ թաքնվող կոռուպցիոներները: Ավելի շուտ՝ Հայաստանում վաղուց վերացել է որակական տարբերությունն այս երկու սեգմենտների միջև:
 
Իսկ ահա ճանաչված պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը նամակ է հղել Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինին՝ հուշելով, որ նման շոուներից հետո Ռուսաստանին համակրող ոչ մեկը չի մնա Հայաստանում:
 
- Կարծում եմ, որ Դուք, ինչպես և նորմալ մարդկանց մեծամասնությունը, պետք է սրտխառնոց ունենաք ռուսական դաշնային ալիքներից: Սակայն վստահ եմ, որ Դուք դրանք դիտում եք  ծառայողական պարտականությունների բերումով և անկասկած տեսել եք վերջին մի քանի ծրագրերը՝ նվիրված Հայաստան-ԵՄ պայմանագրին:
Ինչպես հավանաբար նկատել եք՝ այս շոուներում ելույթ ունեցողների մեծամասնությունը արեցին հնարավոր ամեն ինչ՝ 
բարդացնելու ձեր աշխատանքը Հայաստանում: Եվ հատկապես՝ վերջնականապես Ռուսաստանի դեմ տրամադրելու արդեն իսկ նրան բացասաբար վերաբերվող մեր երկրի բնակչությանը: Հատկապես ջանացին Առաջին, НТВ և «Զվեզդա» ալիքները, - գրել է Ռ. Հովհաննիսյանը՝ որոշ նկատառումներից հետո հավելելով՝
 
- Անընդհատ արտաբերելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մեր Հայաստանը», «մեր ներկայությունը Հայաստանում», ու, առավել ևս՝ «անհավատարիմ կին»,«ձախ գնաց», կամ՝ «առանց Ռուսաստանի հայերին կմորթեն թուրքերը կամ պարսիկները », նրանք (այդ հռետորները) հասան նրան, որ Հայաստանի բնակիչները ոչ միայն անբարեհաճ են վերաբերվում ռուսաստանյան իշխանություններին (առաջին հերթին՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով), այլ արդեն Ռուսաստանին ընդհանրապես: Հասկանո՞ւմ եք: Ձեր երկրի՛ն: Եվ դրանում բնավ հայերը չեն մեղավոր: Բառացիորեն ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանն առաջինն էր Ռուսաստանին համակրող երկրների ցանկում: Այսօր ամեն ինչ այլ է:
 
- Մեր երկրում ես մեկն եմ այն քչերից, ով հստակորեն տարբերակում է ռուսաստանյան իշխանությունը (իր այլասերված քարոզչական մեքենայով) ժողովրդից: Ռուսաստանցիներից: Բայց, ցավոք, ինձ նմաները քիչ են մնացել: Եվ եթե դուք (որպես դեսպան և որպես ՌԴ քաղաքացի) չեք ցանկանում, որ մեկ-երկու տարի անց Հայաստանում չմնա Ռուսաստանին համակրող ոչ մի քաղաքացի, փոխանցեք այս և շատ այլ ուղերձները Ձեր Լուսնադեմ Նախագահի աշխատակազմին:
 
 
Կկատարի՞ ՌԴ դեսպանն այս հորդոր-պահանջը՝ իր խնդիրն է: Ու եթե իսկապես այդ տխրահռչակ հեռուստաալիքները Կրեմլի պատվերը չեն կատարում, ուրեմն պաշտոնական բացատրություն պետք է հնչի նույն Կրեմլից: