Արժեք ունի՞ խոսքային բարեկամությունը

ՄՏՐԱԿԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ԲԼԻԹ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնն (ВЦИОМ) այսօր հրապարակել  է այն հարցումների  արդյունքները, որով փորձել են ճշտել, թե ռուսներն ինչպե՞ս են գնահատում ԱՊՀ հաջողվածությունը, ԱՊՀ երկրներից որո՞նց են ցանկանում տեսնել Ռուսաստանի գործընկեր, որտե՞ղ է ավելի լավ ապահովված ռուսալեզու բնակչության իրավունքները, այդ պետությունների ղեկավարներից ո՞ւմ հանդեպ են ավելի մեծ վստահություն տածում:
 
Բելառուսն ու Ղազախստանը մնում են ռուսաստանցիների առավել կայուն և վստահելի, հուսալի գործընկերները: 
 
Վստահելիների առաջին հնգյակում Բելառուսին ու Ղազախստանին հաջորդում են Հայաստանը (16%), Ադրբեջանը (14%) և Վրաստանը (այս 10% - ն առավելագույն չափն է՝ վերջին 7 տարում):
 
Շրջանցելով մյուս ցուցանիշները , նշենք նաև «Ժողովրդական վարկանիշ» անվանյալի արդյունքները: Առաջին և երկրորդ հորիզոնականներում դարձյալ Բելառուսի (62%) և Ղազախստանի (56%) նախագահներն: Նրանց հաջորդում են Իլհամ Ալիևը (12%), Սերժ Սարգսյանը (11%), Իգոր Դոդոնը (8%), Ալմազբեկ Աթամբաևը (5%), Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (4%), Գեորգի Մարգվելաշվիլին (4%) Շավկատու Միրզիյոևը (3%), Էմոմալի Ռահմոնը (3%) և Պյոտր Պորոշենկոն (1%):
 
Ի՞նչն է այս ամենում ամենաուշագրավը: Անարժանահավատությունը: Համենայն դեպս՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հերթական հավասարման նշանը նկարելու մարմաջը հենց դա է փաստում: Մանավանդ ռուսաստանյան հեռուստաեթերների սփռած բարբաջանքներից հետո այս հրապարակումը հուշում է, որ ռուսական «մտրակ ու բլիթներ» քաղաքականությունը, փաստորեն, չի փոխվել և դեռ էլի շարունակվելու է: Բնականաբար՝ հատկապես նրանց հետ, ում բարոյականությունը թույլ չի տալիս քաղաքական կտրուկ շրջադարձերով անակնկալի բերել ՌԴ-ին:
 
Ի դեպ, հենց այսօր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է «բարի» մի նոտա հնչեցրել Հայաստանի հասցեին:
 
Մինսկում РТР-Беларусь հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունը օգտագործել «հակառուսական նպատակներով»: Հետո էլ «մեծահոգաբար» հավելել է, թե Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի հավատարմության հարցում կասկածներ չունի:
Մնում է քմծիծաղել միայն, որովհետև մեծապետական նկրտումներն այս երկրին, միևնույն է՝ թույլ չեն տալու խոստովանել, որ ակնհայտ քայլերի հետո խոսքային բարեկամությունը ոչինչ չարժե: Այսինքն՝ մտրակից հետո ոչ մի բլիթ քաղցրահամ լինել չի կարող: