Սեյրան Սարոյանն՝ իր անկեղծ պոռթկումներով

ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ

Մինչ հայ հասարակությունը սևեռված է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ապագայի, Ընտանեկան բռնության մասին օրինագծի, նախաամանորյա թանկացումների,ԿԺԴՀ-ԱՄՆ լարված հարաբերությունների վրա, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը շարունակում է լրագրողներին անակնկալի բերել իր անկեղծ պոռթկումներով:
 
Սեյրան Սարոյանին Ազգային Ժողովում հարցախեղդ են արել մի շարք լրագրողներ՝ ցանկանլով լսել Սամվել Ալեքսանյանի և Սեյրան Օհանյանի հետ հարաբերությունների, գեներալ Հայկազ Բաղմանյանի հրաժարականի մասին վերջինիս մեկնաբանությունները: Գեներալ Սարոյանը «ձեթ ծախող» իր գործընկեր Սամվել Ալեքսանյանի հետ ունեցած լավ հարաբերություններն ընդգծելով՝ հավաստիացրել է, որ վերջինս բիզնես չունի, որ նրա բիզնեսները ղեկավարում են զավակները, իսկ նա պարզապես լավ խորհրդատու է: Ապա իրեն բնորոշ անկեղծությամբ պոռթկացել է, թե՝ բոլորն էլ գիտեն Ալեքսանյանի գործարար լինելու մասին: Անդրադառնալով իր օղիները Քրդստան արտահանելու մերժումին, գեներալը լրագրողներին «համոզել» է, թե ինքը բիզնեսից հեռու մարդ է: Ու, ասես իր այդ խոսքի հավաստիք՝ «հանդիմանել» է անկշտում գործարարներին՝ 
 
- Որ ամոթ ունենան էդ թանկացողները, չեն թանկացնի։ Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ՝ ինչ ուզում է լինի:
 
Սեյրան Սարոյանը պատրաստակամորեն անդրադարձել է նաև իր և Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարաբերություններին՝ ջերմորեն նրան անվանելով իր ախպերը, ընկեր և ազգի հերոս և կարևոր մի ճշմարտություն փաստելով՝ քաղաքական տարբեր հայացքներ ունենալը ընկերության մեռնելու նախապայման չէ: Ավելին, նա վստահեցրեց, որ էքս-նախարարը չի կարող կապ ունենալ Նորքի զինված հանցախմբի հետ:
 
Պարզվեց նաև, որ Սեյրան Սարոյանի համար ամենևին էլ  անակնկալ չի եղել Բաղմանյանի պաշտոնանկությունը. վերջինս վաղուց է ցանկացել դուրս գալ բանակից: Գեներալի խոսքով՝ ժամանակին ինքն է հորդորել նրան՝ չլքել Զինված ուժերը: Հիմա էլ, ժխտելով վերջինիս կողմից պաշտոնական դիրքի չարաշահման մասին խոսակցությունները՝  կարծում է, որ պետք չէ  նրա վրա ցեխ շպրտել: 
 
Կառավարությանը ևս կրծքով պաշտպանելու փութաջանությամբ՝ Սեյրան Սարոյանը կրկնեց մի շարք պաշտոնյաների համար ինքնաարդարացման լոզունգ դարձած՝ «իշխանությունը ինչ էլ անի,ժողովուրդը գոհ չի լինի» ձևակերպումը: 
 
Հայաստանը «քյասիբ պետություն» անվանող պատգամավորը նաև ընդգծել է, որ սա իր սարքած պետությունն է և թույլ չի տա որևէ մեկին դիպչել իր երկրին: 
 
Անկեղծությունը գնահատելի առավելություն է: Բայց քաղաքական գործչից բացարձակ անկեղծություն ակնկալելն այնքան լուրջ չէ: