«...Մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել»

ԱՐՑԱԽԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Այսօր Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական նիստում խորհրդարանականները քննադատել են Արցախի հարցում զիջողական դիրքորոշում ունեցող գործիչներին:

Որ օտարները Արցախը դեռևս չեն ճանաչում որպես ինքնորոշված անկախ պետություն ու նույնիսկ բանակցային սեղանի շուրջ տեղ չեն բացում նրա համար՝ ինչ-որ կերպ կարելի է ընկալել. օտարներն իրենց շահերին են հետամուտ, իսկ շահը միշտ լռեցնում է արդարության ձայնը: Բայց որ հայաստանցի քաղգործիչներն են մեր նախնյաց երկիրը մեր զավակների արյամբ հետ նվաճած տարածքները սովետների ծնունդ քոչվորներին վերադարձնելու ծրագրով փորձում ՀՀ խորհրդարան մտնել... Ներեցեք, նման հոգեբանությունը գնահատելու ամենաբարեկիրթ տարբերակը բազմակետերն են:

Լավ, եթե նույնիսկ ինքնահնար ինչ-որ «հիմնավորումներ» են բերվում, բա Եռաբլուլում պառկած էն տղաներին ի՞նչ ենք ասելու, այսօր կյանքի գնով սահման պահողներին ո՞նց ենք համոզելու, որ իրենց պահած հողի համար նույնպես վաղը-մյուս օրը վիճակ գցողներ չեն հայտնվելու...
 
Եվ, ամենակարևորը՝ արցախցուն հարցրե՞լ եք, թե նա՛ ինչ է մտածում:
 
Հենց այս հարցի պատասխանն էլ այսօր հնչել է Արցախից:
 
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական Արմեն Սարգսյանն անդրադարձել է այն հարցին, որ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց քաղաքական պլատֆորմի հիմքում դնում են խաղաղության և բարիդրացիության հաստատում՝ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման ոչ հայանպաստ դիրքորոշումներով:
 
- Այդ մտքերի ռազմավարությունը հանգում է «տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» կամ, որ նույնն է «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքին: Ընդ որում` նրանք փորձում են ապացուցել, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ամբողջ աշխարհը, որը գործում է մեր դեմ և ստիպում է, որ ընդունենք Մադրիդյան սկզբունքները,-ասել է Ա. Սարգսյանը և հավելել.
 
- Վերստին հայտարարում ենք, որ Արցախի անկախությանը այլընտրանք չկա և մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել: Գտնում ենք, որ ցեղասպան Ադրբեջանն ու Թուրքիան վարելով հայատյաց քաղաքականություն դա նույնիսկ չեն թաքցնում, իսկ դրան հակադրվելու միակ ձևը ուժեղ և հզոր պաշտպանություն, տնտեսական համակարգ և բարձր ոգի ունենալն է:
 
Հայկ Խանումյանը ևս քննադատության է ենթարկել Արցախի հարցը տարածքային և այլ զիջումների հաշվին լուծելու օգտին հանդես եկող գործիչներին:
 
- Որևէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը` ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ,- ասել է նա: